Հանրահայտ ռեժիսոր Ատոմ Էգոյանի վերջին ֆիլմը՝ «Remember», ցուցադրվել է Մոնռեալում «Festival du Nouveau Cinéma» ամենամյա կինոփառատոնի շրջանակում:
Ատոմ Էգոյան. Հայոց ցեղասպանությունն է օրինակ ծառայել Հոլոքոսթի համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆիլմի գլխավոր հերոսը հրեա է, որը վերապրել է Հոլոքոսթը ու շատ տարիներ անց գտել համակենտրոնացման ճամբարի նախկին հսկիչին, որը սպանել էր իր ամբողջ ընտանիքին:
Էգոյանի խոսքով, իր ֆիլմը բարձրացնում է հիշողության ու արդարության, նաեւ չբացահայտված պատմության հարցը, հայտնում է thelinknewspaper-ը: Լինելով հայ, Էգոյանը զանգվածային սպանությունների մասին այս ֆիլմի թեմային վերաբերվում է որպես չբացահայտված հարցի, քանի որ հայոց ցեղասպանության ոճրագործներն այդպես էլ չեն ընդունել իրենց մեղքը, ու Թուրքիայի կառավարությունը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ռեժիսորը համարում է, որ այս ֆիլմով ինքն իր սեփական տեսակետն է ներկայացնում պատմության վերաբերյալ, բայց միաժամանակ հասկանում է «թե հատկապես որ համառությունն է հանգեցրել Հոլոքոսթի»:
Էգոյանը հպարտանում է նրանով, որ կաթոլիկ եկեղեցին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, չնայած նա ավելի շատ ուրախ է, որ Գերմանիան ու Ավստրիան են խոստովանել, որ իրենք նույնպես դերակատարում են ունեցել այդ իրադարձություններում: «Այս տարի մի շարք արտակարգ իրադարձություններ են եղել: Մարդիկ սկսել են հասկանալ, որ ցեղասպանությունն է (Հայոց ցեղասպանությունը-խմբ.) օրինակ դարձել այն ամենի համար, ինչ կատարվել է դրանից հետո»,- համարում է Էգոյանը: