Գործարար Գերման Ստերլիգովի փաստաբանն աննախադեպ է համարում նրա քրեական հետապնդումը, որը նախաձեռնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:
Ստերլիգովի փաստաբանն աննախադեպ է համարում նրա քրեական հետապնդումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք ենթադրում ենք, որ Գերման Լվովիչի նկատմամբ քրեական գործը Ռուսաստանի տարածքում բացառապես ոչ մի նախադրյալ չունի, որտեղ նա ապրում է և որի քաղաքացի է»,- 1in.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Արթուր Հայրապետովը:
Պաշտպանի խոսքով` համաձայն Մինսկի կոնվենցիայի` Ռուսաստանը Գ. Ստերլիգովի նկատմամբ քրեական գործ հարուցելու իրավունք չունի, քանի որ Ադրբեջանի իրավապահների կողմից նա մեղադրվում է հենց այդ պետության դեմ գործունեության համար, իսկ Ռուսաստանի քրեական օրենսգրքում նման հոդված չկա:
Փաստաբանը նշել է, որ Ստերլիգովը չի կարող Ինտերպոլի կողմից հետախուզման մեջ լինել, քանի որ դա հակառակ է այդ կազմակերպության կանոնակարգին, որովհետև վերջինս չի հետախուզում քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց:
«Նախ՝ Գերման Լվովիչին Ադրբեջանում ներառում են «սև ցուցակում», իսկ բառացիորեն մեկ շաբաթ անց նրա դեմ քրեական գործ են հարուցում: Այսպիսով, նա զրկված է իր շահերը պաշտպանելու հնարավորությունից»,- ասել է փաստաբանը:
Հայրապետովը նաև իր հաճախորդի անունից ասել է, որ չի հասկանում, թե ինչու է պետք եղել իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել, չէ՞ որ Ստերլիգովը գտնվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում, որը Ադրբեջանն իրենն է համարում: