Համաշխարհային շուկայում նավթի գնի անկումը հանգեցնում է դոլարի նկատմամբ դրամի որոշակի արժեզրկման, և եթե առաջինը նպաստում է վառելիքի գնի իջեցմանը, ապա երկրորդը նպաստում է այդ գնի բարձրացմանը:
Արցախում բենզինի և դիզվառելիքի գները կնվազեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ իսկ պատճառով նավթի գնի անկումը լրիվությամբ չի արտահայտվում Երևանում և Արցախում վառելիքի գործող գների իրացման վրա:
Այդ մասին նշել է հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը՝ ի պատասխան «Արցախպրես»-ի այն հարցադրմանը, թե արդյոք նավթի համաշխարհային գների անկմանը զուգահեռ, դիզվառելիքի և բենզինի գները չե՞ն նվազի նաև արցախյան շուկայում:
Ոլորտի պատասխանատուի պարզաբանմամբ՝ համաշխարհային շուկայում նավթի գների փոփոխությունները Երևանում և Արցախում վառելիքի գների վրա ազդելու համար որոշակի ժամանակ են պահանջում, ինչը պայմանավորված է առկա պաշարների սպառման հետ:
Ի դեպ, նախորդ տարվա երկրորդ կեսին ԼՂՀ-ում բենզինի և դիզվառելիքի գների նվազումը պայմանավորված է եղել համաշխարհային շուկայում նավթի գների 49% անկման հետ:
Ս. Գրիգորյանի խոսքով՝ մասնավորապես 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, «Պրեմիում» տեսակի բենզինի համար գնանկումը կազմել է 60 դրամ կամ 11.5% (իրացման գինը կազմելով 460 դրամ, իսկ «Ռեգուլյար» տեսակի բենզինի համար՝ 60 դրամ կամ 12%՝ իրացման գինը՝ 440 դրամ): Իսկ դիզվառելիքի գնանկումը նույն ժամանակահատվածում կազմել է 60 դրամ կամ 13.6% (իրացման գինը 440 դրամ):
«Անշուշտ, մենք կունենայինք վառելիքի ավելի էժան գներ, եթե նախորդ տարվա վերջին եռամսյակում չլիներ դոլարի նկատմամբ 16.8%-ով դրամի արժեզրկումը»,- մանրամասնել է Ս. Գրիգորյանը` հավելյալ տեղեկացնելով, որ ընթացիկ տարվա մարտ-ապրիլ ամիսների ընթացքում նավթի համաշխարհային գների 18% աճ է գրանցվել, որը հուլիսի սկզբին ՀՀ-ում և ԼՂՀ-ում հանգեցրել է վառելիքի գների 10 դրամով բարձրացմանը:
Ներկայումս համաշխարհային շուկայում նավթի գների անկում է դիտվում. նման պայմանների պահպանման դեպքում վառելիքի գները հայկական երկու հանրապետություններում նորից կնվազեն: