Բնական բաղադրիչը, որը հանդիպում է կաթնամթերքում, կարող է ոչնչացնել քաղցկեղային բջիջները եւ գերմանրէները` հակաբիոտիկների դեմ կայուն մանրէները:
Կաթնամթերքի մեջ պարունակվող կոնսերվանտը կարող է պայքարել քաղցկեղի բջիջների եւ գերմանրէների դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խոսքը նիզին սպիտակուցի մասին է, որը կաթի կտրվելու եւ պանրի ու այլ կաթնամթերքի հասունանալու ընթացքում արտադրվում է Lactococcus lactis կաթնամանրէների կողմից եւ սննդային բնական կոնսերվանտի դեր է խաղում:
Միչիգանի համալսարանի Ատամնաբուժության դպրոցի հետազոտողներն իրենց հետազոտությունների ընթացքում պարզել են, որ նիզինն ի վիճակի է ոչնչացնել գլխի եւ վզի չարորակ ուռուցքների բջիջները: Մկների օգտագործմամբ 9 շաբաթ տեւած փորձարկումն ապացուցել է դա:
Հետազոտողները պարանոցում եւ գլխում ուռուցքներ ունեցող առնետների սննդակարգին հատուկ «կաթնային կոկթեյլ» են ավելացրել նիզինի մեծ չափաբաժնով (մեկ կգ-ին 800 մգ), որը մոտավորապես 25-30 անգամ գերազանցում էր պանրում եւ այլ կաթնամթերքում առկա նորման: 9 շաբաթ անց գիտնականները հայտնաբերել են, որ նիզինի օգտագործումը հանգեցրել է չարորակ բջիջների 70-80 տոկոսի ոչնչացմանը եւ զգալիորեն նվազեցրել է ուռուցքների չափը: Դրա շնորհիվ կրծողները կարողացել են ավելի երկար ապրել:
Գիտնականները նաեւ պարզել են, որ նիզինը գործուն է մի շարք պաթոգեն մանրէների դեմ պայքարում, որոնք վերջին տասնամյակների ընթացքում գործնականում անխոցելի են դարձել հակաբիոտիկների ազդեցության համար:
Առայժմ հետազոտություններ են անցկացվել միայն կենդանիների վրա եւ դեռ հայտնի չէ, թե արդյոք նիզինը նման ազդեցություն կունենա մարդու վրա: Սակայն արդյունքները խոստումնալից են թվում:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Antimicrobial Chemotherapy գիտական ամսագրում: