Ադրբեջանական հաքերները շարունակում են հունվարի 20-ին նվիրված գործողությունները։
ՀՀ դեսպանատների կայքերը ենթարկվել են զանգվածային հաքերային հարձակման
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր կայքում տեղեկացնում է, որ ՀՀ դեսպանատների կայքերը ենթարկվել են զանգվածային հաքերային հարձակման:
Այս պահին ադրբեջանական պատկերները կայքերից հեռացված են, փաստացի, այս պահին ոչ մի դեսպանատան կայք չի աշխատում։
Փորձագետը հայտնում է, որ սա առաջին լուրջ հարձակումն է ՀՀ պետական ցանցի հատվածի վրա 2009 թվականի սեպտեմբերից:
Հարձակման ենթարկված դեսպանատների շարքում են ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Արգենտինայում, Ավստրիայում, Բելառուսում, Բելգիայում, Չինաստանում, Կանադայում, Բուլղարիայում, Բրազիլիայում, Չեխիայում, Դանիայում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, Վրաստանում, Գերմանիայում, Հնդկաստանում, Իրաքում, Իտալիայում, Ճապոնիայում, Ղազախստանում, Քուվեյթում, Լիբանանում, Լիտվայում, Նիդերլանդներում, Լեհաստանում, Ռումինիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում, Միացյալ Թագավորությունում, Ուկրաինայում, Միացյալ Արաբական Էմիրություններում Հայաստանի դեսպանությունների, ինչպես նաև ԵՄ-ում, ՆԱՏՕ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում, ՍՏԾՀ-ում հայաստանյան առաքելությունների պաշտոնական կայքերը: