ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ արցախյան ազատամարտում հերոսացած հայ քաջորդիների կյանքի, սխրանքի ու հայրենասիրության պատմությունն է վավերացված գեղարվեստական այս վիպերգում:
Գրքում նկարագրված են ազգային-ազատագրական շարժման պատճառները, հայրենիքի, ընտանիքի պատիվն ու արժանպատվությունը պաշտպանելու համար կյանքն անգամ չխնայող հայ հերոսների պատրաստակամությունը՝ որպես օրինակ ու ոգեշնչում ապրող սերունդներին:Այն ապրեցնող, ոգևորող, հայրենասիրությամբ տոգորող մի յուրօրինակ ասք է՝ ուղղված գալիք սերունդներին:
«Հատորում ամփոփված են արցախյան գոյամարտում զոհված 110 ազատամարտիկի կենսագրություններն ու նրանց մասին պատմվող հուշերը: Գրքի բոլոր հատորներն էլ Արցախյան ազատամարտում սխրանք գործած և իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հերոսների մասին է: Սակայն ոչ մի հատորը մյուսին չի կրկնում, որովհետև ամեն հերոս իր գործած սխրանքի պատմությունն ունի,-ասել է Գ. Մարտիկյանը և հավելել,- յոթերորդ հատորում ընդգրկված են արցախցի զոհված բոլոր հերոսները»:
Ի դեպ, մատենաշարի հեղինակ Գոհար Մարտիկյանը պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ հատուկ նշանակության գնդի առաջին զոհի՝ Աշոտ Չախոյանի մայրն է։
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարին Աղաբալյանն իր հուզառատ խոսքում մասնավորապես ասել է. «Այս օրերին յուրաքանչյուր արցախցու համար շատ կարևոր է հետ նայել դեպի մեր անցած ուղին՝ նորից ու կրկին վերհիշելու համար մեր հերոսներին և վերագնահատելու մեր ձեռքբերումները: Մեր հերոսների պատգամներով գոտեպնդված՝ մենք շարունակենք պիտի մեր պայքարը մինչև վերջնական հաղթանակ: Հենց այս նպատակով է կազմակերպված միջոցառումը:
Դուք՝ սիրելի հայոց մայրեր, որ ժամանակին՝ դեռևս 1991-94 թվակնների այն հրաշունչ պատերազմի տարիներին կարողացել եք հաղթահարել ձեր կորստյան մեծ ցավը, ձեր մեջ ուժ գտել ապրելու և ապրեցնելու մեզ, ոգեշնչում և օրինակ եք ծառայում մերօրյա որդեկորույս մայրերին:Մեր ողջ ժողովրդի խոնարհումը ձեզ, հերոսներ ծնող հայ մայրեր»:
Շնորհանդեսին ներկա էին զոհված ազատամարտիկների հարազատներ, հյուրեր: Ներկաների գնահատականը մեկն էր. արցախյան ազատամարտի հերոսների մասին գրվող նման գրքերը շատ կարևոր են ինչպես պատմության, այնպես էլ բանակի մարտունակության բարձրացման համար, քանի որ հենց նրանց սխրագործություններով են նաև ոգեշնչվում մեր զինվորները: Այսօր էլ նրանք պատրաստ են պաշտպանելու հերոսների արյան գնով նվաճված հայրենիքը: