Վերջապես եկավ սեպտեմբերի 1-ը, և Արցախում նույնպես մեկնարկեց նոր ուսումնական տարին:
Նոր ուսումնականը՝ նորակառույց դպրոցում
Վերջապես եկավ սեպտեմբերի 1-ը, և Արցախում նույնպես մեկնարկեց նոր ուսումնական տարին: Բնականաբար, առավոտյան արտակարգ մարդաշատ էր նաև Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցի նորակառույց շենքի բակը՝ ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, հյուրեր: Միջոցառմանը ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքապետարանի կրթության բաժնի վարիչ Կառլեն Մարգարյանը, այլ պաշտոնատար անձինք։
Բացման հանդիսավոր արարողություն. զինվորական համազգեստ հագած դպրոցականները ներս են բերում ԼՂՀ պետական դրոշը, հնչում է ԼՂՀ օրհներգը, ապա՝ առաջին դասարանցիների երդման խոսքը,և վերջապես՝ նոր ուսումնականի առաջին զանգը։
Ներկաներին ողջույնի ու շնորհավորանքի խոսքով դիմում է դպրոցի տնօրեն, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռոմելա Դադայանը: «Այսօր,- ասաց նա,- աշխարհի տարբեր վայրերում կան մեծ թվով հայեր, ովքեր մշտապես ուշադիր և հոգատար են Արցախի նկատմամբ ու ձգտում են իրենց նպաստը բերել մեր երկրի շենացմանը: Այդ հայրենասեր հայորդիներից է ռուսաստանաբնակ գործարար և մեծ բարերար Նիկոլայ Սարկիսովը, ում նվիրաբերած միջոցներով կառուցվել և արդեն շահագործման է հանձնվում կրթօջախի նոր ուսումնական շենքը»:
Ողջույնի խոսք ասաց նաև քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ Նա ներկաներին շնորհավորելց Սեպտեմբերի 1-ի տոնի՝ Գիտելիքի և դպրության օրվա, ինչպես նաև հաջորդ օրը նշվելիք տոնի՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ:
Առաջին դասարանցի փոքրիկ Հայկ Հակոբյանը շատ ուրախ ու երջանիկ է, որ եկել է դպրոց։ «Դպրոցը,- ասել է նա,- շատ լավ է, որովհետև իմ քույրիկն էլ է այստեղ սովորում։ Ես էլ եմ լավ սովորելու, որ լավ մարդ դառնամ»։
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ նոր ուսումնականում Հայկի հետ միասին Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոց է հաճախելու 190 առաջին և 175 զրո դասարանցի, իսկ ընդհանուր առմամբ՝ 1500 աշակերտ: