Որպես նախկին ուսուցիչ՝ 50-րդ անգամ եմ տոնում Սեպտեմբերի 1-ը:
Դպրոցն է գիտելիքների դարբնոցը. ԱԺ պատգամավոր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Ազգային Ժողովի պատգամավոր, նախկին մանկավարժ Ռոմելա Դադայանը:
«Ինչ պաշտոնում էլ որ մարդ աշխատի, նրա համար սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքների և դպրության օրը, տոն պիտի համարվի: Ամեն Սեպտեմբեր մի նոր սերունդ է ընդունվում դպրոց, կրթվում ու դաստիարակվում այնտեղ. նրանք էլ հետագայում դառնալու են ազատ, անկախ Արցախի ապագա քաղաքացիները: Հետևաբար, յուրաքանչյուր աշակերտ պիտի զինվի գիտելիքներով, ունենա ձևավորված աշխարհայացք և քայլի ժամանակին համընթաց: Թող բոլորն էլ գիտակցեն՝ դպրոցն է գիտելիքների դարբնոցը»,-նշել է Ռ. Դադայանը: Շնորհավորելով իր նախկին գործընկերներին, բոլոր աշակերտներին և ուսուցիչներին Ռ. Դադայանն ավելացրել է. «Տարիներ շարունակ Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N 1 դպրոցն աշխատել է շենքային անբարենպաստ և սուղ պայմաններում, իսկ այսօր մեր երեխաները կրթվում են այնպիսի տիպային դպրոցում, որի նմանը կարող է անգամ առաջատար երկրները չունենան. մենք շնորհակալ ենք մեզ տրված այդ մեծ նվերի համար»: