Ինչքան հնարավոր է, պետք է արագ տեմպերով աշխատենք, որպեսզի մինչև նոր ուսումնականի մեկնարկը, հասցնենք ավարտել Ստեփանակերտի N 9 դպրոցի վերանորոգումը:
Նոր ուսումնականի մեկնարկին ավարտված կլինեն N 9 դպրոցի վերանորոգման աշխատանքները. Կ. Շահրամանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսին ասել է ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
«Մենք աշխատելու համար ունենք միայն ամռան 3 ամիս, քանի որ ուսումնական պրոցեսին շինարարական աշխատանքները խանգարում են: Այժմ սպորտդահլիճը, մանկապարտեզը և ադմինիստրատիվ մասի աշխատանքները համարյա թե ավարտված են. մնում են ներքին հարդարման աշխատանքներ: Իսկ առաջին մասնաշենքում աշխատանքներն սկսելու ենք մայիսին՝ դասապրոցեսի ավարտից հետո»,- մանրամասնել է Կ. Շահրամանյանը:
Անդրադառնալով Ստեփանակերտում դեռևս չվերանորոգված N 10 և 12 դպրոցներին՝ նախարարն ասել է նաև, որ ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը ցանկանում է դպրոցների հիմնովին վերանորոգումն իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ: