Ռեւանշիզմի վրա հիմնված քաղաքականությունը վաղ թե ուշ հանգեցնում է երկրում լուրջ ցնցումների եւ աղետների։
Եթե Ադրբեջանն ուզում է խուսափել աղետից, պարտավոր է վերանայել իր պետականաշինության փիլիսոփայությունը. ԼՂՀ նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Լենտա.ռու»–ին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով հարցին, թե կարող է արդյոք Ադրբեջանը փոխել ԼՂՀ նկատմամբ իր դիրքորոշումը։
«Կարծում եմ, որ այստեղ հարցը վերաբերում է ոչ միայն ղարաբաղա–ադրբեջանական հարաբերություններին։ Ռեւանշիզմի վրա հիմնված քաղաքականությունը վաղ թե ուշ հանգեցնում է լուրջ ցնցումների եւ աղետների երկրում, որտեղ այդ գաղափարները բարձրացվել են պետական գաղափարախոսության մակարդակի։ Այդ պատճառով, եթե Ադրբեջանն ուզում է խուսափել նման աղետից, ուղղակի պարտավոր է վերանայել իր պետականաշինության փիլիսոփայությունը»,– ասել է ԼՂՀ նախագահը։
Հարցին, թե ինչը կարող է արմատապես փոխել տարածաշրջանում ուժերի դասավորվածությունը, Բակո Սահակյանը պատասխանել է, որ Հարավային Կովկասը շատ զգայուն եւ բարդ տարածաշրջան է։ «Նրա շրջաններից մեկում լուրջ ցնցումները կամ գոյություն ունեցող դասավորվածությունը փոխելու երրորդ երկրների փորձերը հղի են կատակլիզմներով ոչ միայն եւ ոչ այնքան լոկալ, որքան տարածաշրջանային եւ անգամ գլոբալ բնույթի։ Այդ պատճառով այս տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանումը, մասնավորապես հակամարտության գոտում, միջազգային անվտանգության կարեւոր ասպեկտն է։ Եվ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՄԱԿ ԱԽ մշտական անդամներն են, դրա վառ ապացույցն է»,– նշել է Սահակյանը։