Այն, որ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը չնախաստորագրելուց մեկ տարի անց Եվրամիությունն իր հարևանության քաղաքականության ծրագրի շրջանակներում ոչ միայն շարունակում է Հայաստանին բարեփոխումների նպատակով տրվող ֆինանսական աջակցությունը, այլև ավելացնում է այն, վկայում է, որ մեր երկրում իրականացվող բարեփոխումները աջակցություն են գտնում ԵՄ-ի կողմից:
Դրամաշնորհների ավելացումը վկայում է, որ մեր բարեփոխումների շարունակականությունը արձագանք է գտնում ԵՄ-ի կողմից. Ա. Զաքարյան
Այն, որ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը չնախաստորագրելուց մեկ տարի անց Եվրամիությունն իր հարևանության քաղաքականության ծրագրի շրջանակներում ոչ միայն շարունակում է Հայաստանին բարեփոխումների նպատակով տրվող ֆինանսական աջակցությունը, այլև ավելացնում է այն, վկայում է, որ մեր երկրում իրականացվող բարեփոխումները աջակցություն են գտնում ԵՄ-ի կողմից:
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը,Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես կգնահատի այն փաստը, որ այս տարի ԵՄ հարևանության քաղաքականության ծրագրի շրջանակներում ԵՄ-ն 2014-2017 թվականներին ՀՀ-ին տրամադրվելիք դրամաշնորհները էականորեն ավելացրել է:
«Դա խոսում է այն մասին, որ Հայաստանի բարեփոխումների շարունակականության քաղաքականությունը արձագանք ու աջակցություն է գտնում Եվրամիության կողմից, կարևորվում է դա , մասնավորապես, հանրային կառավարման ոլորտում, արդարադատության, մասնավոր սեկտորի զարգացման ոլորտում: Հայաստանի համար սրանք բարեփոխումների համար կարևոր ոլորտներ են, և մենք այդ հարցում միշտ կարևորել ենք ԵՄ-ի ոչ միայն ֆինանսական աջակցությունը, այլ նաև քաղաքականը, մասնագիտականն ու փորձագիտականը»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Հիշեցնենք, որ ԵՄ հարևանության քաղաքականության ծրագրի շրջանակներում ԵՄ-ն 2014-2017 թվականներին ՀՀ-ին կտրամադրի 140-170 մլն եվրո օժանդակություն, այն դեպքում, երբ 2007-2010 թվականներին տրամադրել է 97.4 մլն եվրո, 2011-2013-ին 104 մլն եվրո:
Նշենք, որ ՀՀ պաշտոնյաները ժամանակին նշում էին, թե Ասոցացման փաստաթղթին կփոխարինի գրեթե համարժեք փաստաթուղթ՝ Հայաստան-ԵՄ ձևաչափով, մինչդեռ այն տեղի չի ունեցել: Եվ եթե ժամանակին հետաձգումը պայմանավորվում էր Եվրահանձնաժողովում ընտրություններով, ապա ներկայումս դեռևս լիարժեքորեն ձևավորված չեն ԵՄ բոլոր կառույցները: