ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն սեպտեմբերի 14-ին ընդունել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրալիայի մասնաճյուղի ներկայացուցիչ, ՌԱԿ կենտրոնական վարչության անդամ Հայկ Լեփեջյանին և Ավստրալիայի հայ համայնքում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Էդիկ Դարբինյանին:
Հրանուշ Հակոբյանը գոհ է ավստրալահայ համայնքի հայապահպան աշխատանքից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը դրվատանքով արտահայտվեց ավստրալահայ համայնքի կողմից հայապահպանությանն ի նպաստ իրականացվող աշխատանքների մասին՝ այդ ազգանվեր գործում կարևորելով նաև հյուրերի վաստակն ու ներդրումը:
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի խոսքերի համար՝ հյուրերը նախարարի պաշտոնակատարին տեղեկացրեցին ավստրալահայ համայնքում վերջին շրջանում իրականացված ակնառու նախաձեռնությունների մասին:
Այնուհետև, քննարկվեցին սփյուռքահայ համայնքներում Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի տոնական միջոցառումների պատշաճ կազմակերպման հետ կապված հարցեր: Հրանուշ Հակոբյանը հյուրերին ծանոթացրեց նախարարության կողմից Սփյուռքի տարբեր համայնքներում անկախության շրջանի ձեռքբերումներն արտացոլող լուսանկարչական ցուցահանդեսների և համերգների իրականացման ծրագրերին, լսեց հյուրերի առաջարկները և պատրաստակամություն հայտնեց դրանք ներառել նախատեսվող միջոցառումների մեջ:
Քննարկվեցին նաև նախարարության աջակցությամբ ավստրալահայ համայնքում նախատեսված մշակութային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր»: