ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ավստրալիայի Նոր հարավային Ուելս նահանգի Ուիլոուբի քաղաքապետ Գեյլ Գայլս-Գիդնեյին, Հայ առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր եպիսկոպոս Հայկազուն Նաջարյանին և թեմական խորհրդի փոխնախագահ, Փոքրամասնության գործերի պետական հանձնաժողովի ատենապետ, Խտրականության դեմ խորհրդի նախագահ Ստեփան Գրքաշարյանին:
Հրանուշ Հակոբյանը Ուիլոուբի քաղաքապետի հետ քննարկել է հայ-ավստարալական հարաբերությունների զարգացման ուղիները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, Ուիլոուբի քաղաքը, որի քաղաքապետն է Գեյլ Գայլս-Գիդնեյը, ՀՀ սփյուռքի նախարարության «Կրթամշակութային աջակցություն հայ համայնքներին» ծրագրի շրջանակներում քույրացել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի հետ: Տիկին Գայլս-Գիդնեյը ընտրվել է Ուիլոուբիի քաղաքապետ 2014թ. ապրիլի 12-ին: Նա 150 տարվա պատմություն ունեցող Ուիլոուբի քաղաքի 50-րդ քաղաքապետն է: Ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարը կարևորել է հայ-ավստրալական բարեկամական կապերի զարգացումը: Նա մասնավորապես նշել է. «Տպավորված եմ Ավստրալիայի կառավարության և տեղական մարմինների ջանքերով, ինչի շնորհիվ մեր հայրենակիցները երկրի լավագույն քաղաքացիներ են, բայց շարունակում են հավատարիմ մնալ իրենց արմատներին, պահպանում են ինքնությունը, հավատը, լեզուն, մշակույթը, ավանդույթները: Պետք է զարգացնենք մեր երկու երկրների տնտեսական, մշակութային հարաբերությունները, ինչը դուք արդեն անում եք որպես քույր քաղաք»: Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և հանգամանալից զրույցի համար: Քննարկվել են համագործակցության շրջանակները և ուղղությունները: