ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունիսի 29-ին ընդունել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանին:
Հրանուշ Հակոբյանն ընդունել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորել է Բաբկեն Սրբազանի ազգասիրական, հայանպաստ գործունեությունը, համայնքը միավորելուն, հայապահպանությանն ուղղված նրա ջանքերը: Սփյուռքի նախարարը Բաբկեն արքեպիսկոպոսին ներկայացրել է նախարարության կատարած աշխատանքներն ու իրականացրած ծրագրերը, անդրադարձել նոր ծրագրերին, «Հայրենիք-Սփյուռք» 6-րդ համաժողովի կազմակերպական աշխատանքներին: Բաբկեն Սրբազանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ներկայացրել համայնքի հաջողությունները և նվաճումները: Նա հպարտությամբ նշել է, որ Կանադայի հայկական համայնքի, կազմակերպությունների և դեսպանի ջանքերով Օտտավայի կենտրոնում` Համադաշնության պուրակում, տեղադրվել է հայտնի կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կիսանդրին, որը հայ ժողովրդի նվերն է Կանադայի ժողովրդին և խորհրդանշում է Կանադայի և Հայաստանի միջև ամուր բարեկամությունը: Սրբազանն անդրադարձել է նաև Մոնրեալում և Տորոնտոյում Հայաստանի Առաջին Հանրապետության տոնին նվիրված քայլարշավներին Կանադայի հայ համայնքի մասնակցությանը, որոնց միավորում էին մարդու իրավունքների պաշտպանության, Ցեղասպանությունների կանխարգելման, անկախության ու վերածնունդի գաղափարները: «Մենք պետք է լինենք առաջին քայլողները, որպեսզի մեր հետևից տանենք նաև հոտը: Ստեղծել ենք Միացյալ հանձնախումբ՝ տոները միասնական կազմակերպելու, համայնքային խնդիրները միասին լուծելու համար», - հավելել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը: Քննարկվել են նաև սփյուռքի համայնքները միավորելու, համահայկական առաջնահերթություններին մասնակցելու միասնական համակարգող մարմին ստեղծելու, Հայաստանի սահմանամերձ գյուղերի աջակցության կազմակերպմանն առնչվող հարցեր: