Գերմանիայի դաշնային խորհրդարանի պաշտպանության հարցերի հանձնաժողովի 7 անդամ այսօր ժամանել են Թուրքիայի հարավում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայի տարածք:
Գերմանացի պատգամավորները ժամանեցին Թուրքիայում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը:
Պարբերականի փոխանցմամբ`ավիաբազայում ներկա պահին գտնվում է շուրջ 250 գերմանացի զինվորական:
Հանձնաժողովի ներկայացուցիչների և զինվորականների միջև անցկացված հանդիպումը փակ է եղել ԶԼՄ ներկայացուցիչների համար:
Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ իրենք կթույլատրեն գերմանացի պաշտոնյաներին այցելել Թուրքիայի հարավում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազա, եթե վերջիններս վերանայեն իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
Նախօրեին Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագի որոշումը վերջնական է և անփոփոխ:
Հիշեցնենք, որ Բունդեսթագը հունիսի 2-ին կայացած քվեարկության ժամանակ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, ինչից հետո Թուրքիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին:
Բանաձևում, որում օգտագործվում է «ցեղասպանություն» եզրույթը, նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրության տարածքում սկսված հայերի ու այլ քրիստոնյա փոքրամասնությունների տեղահանման ու կոտորածների զոհերի հիշատակի առաջ և սգում երիտթուրքերի իրականացրած և Օսմանյան կայսրության տարածքում հայերի գրեթե ամբողջությամբ բնաջնջման պատճառ դարձած քայլերի համար։
Ընդունված բանաձևում ընդգծվում է Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանիայի դերակատարությունը Հայոց ցեղասպանության հարցում։
Գերմանիան այս բանաձևով հայերին ու թուրքերին կոչ է անում հաշտության հիմքեր ստեղծել անցյալի գերեզմանների վրա և նշում, որ իրենք պատրաստ են աջակցել դրան։