Ուկրաինայում անցկացվող սոցիալական գովազդի «Molodiya Festival» փառատոնում Ուկրաինայի հայերի միության հոլովակը զբաղեցրել է 3-րդ տեղը:
Ուկրաինայի հայերի միության` Հայոց ցեղասպանության թեմայով հոլովակը սոցիալական գովազդի փառատոնի լավագույն եռյակում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հոլովակի խորագիրն է «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորության համար. հայեր»: Ինչպես հաղորդում է «AnalitikaUA.net»-ն, հոլովակի ռեժիսորներն են Անդրանիկ Բերբերյանը և Անդրեյ Լիդագովսկին: Նշենք, որ Ուկրաինայի հայերի միության հոլովակը ներկայացվելու է Ամստերդամում կայանալիք անիմացիոն միջազգային փառատոնին: Ինչպես նշել է Ուկրաինայի հայ երիտասարդական միության նախագահ Հովակիմ Հարությունյանը, քննարկումների շրջանակում ներկայացվել է գաղափար նկարահանել հոլովակ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: Բազմաթիվ առաջարկներից հավանության է արժանացել այն տարբերակը, որտեղ հայի կերպարը ներկայացվել է նռան հատիկների միջոցով: Հիշեցնենք, որ «Molodiya Festival» փառատոնին Հայոց ցեղասպանության թեմայով արդեն երկրորդ հոլովակն է ներկայացվում: Առաջինը եղել է 2016 թվականին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը, երկու տարվա ընթացքում երկրի տարբեր շրջաններում տեղադրվել են ավելի քան 10 խաչքար, ևս 10-ն արդեն Ուկրաինայում են և շուտով կտեղադրվեն տարբեր քաղաքներում: