Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հաճախակի հանդիպումները պայմանավորված են շփման գծում լարվածության որոշակի նվազմամբ:
Եթե Բաքուն, իրոք, ցանկանում է ստատուս քվոյի փոփոխություն, ապա պետք է իր գործելաոճը դադարեցնի. ՀՀ ԱԳ փոխնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
«Ցանկացած բանակցություն ավելի լավ է, որովհետեւ դրա այլընտրանքը ռազմական գործողություններն են: Այդ տեսակետից կարելի է գնահատել այդ հանդիպումը, որն արձանագրում է վստահության մթնոլորտի անհրաժեշտության մասին»,- News.am-ի փոխանցմամբ՝ ասաց նա:
Նրա խոսքով, Ադրբեջանը բանակցությունների սեղանի շուրջ տալիս է համաձայնություն եւ որպես կանոն, հետո խոչընդոտում. «Այդ տեսակետից նա ամեն ինչ անում է ստատուս քվոն պահպանելու համար: Եթե ինքն, իրոք, ցանկանում է ստատուս քվոյի փոփոխություն, ապա պետք է այդ գործելաոճը դադարեցնի», - ընդգծեց Քոչարյանը։
Նա նաեւ նշեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները, որ հաճախակի են դարձել, համընկնում են այն մոտեցման հետ, որ լարվածությունը շփման գծում որոշակի առումով ընկել է. այդ տեսակետից դա դրական է: