Այսօր՝ հունվարի 26-ին, տեղի է ունեցել ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի՝ 2017 թվականին գերատեսչության և նրա ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքներին նվիրված մամուլի ասուլիսը:
Տարվա կարևորագույն իրադարձությունը նոր Սահմանադրության ընդունումն էր. Արարատ Դանիելյանը մամուլի ասուլիս է հրավիրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ տարվա կարևորագույն իրադարձությունը նոր Սահմանադրության ընդունումն է եղել: «Անցած տարվա փետրվարի 20-ին սահմանադրական հանրաքվեից հետո մշակվել է երկու ցանկ, որոնցից մեկում նախատեսված է 39, իսկ մյուսում՝42 օրենքի նախագիծ, որոնք պետք է առաջիկա երեք տարիների ընթացքում համապատասխանեցվեն նոր Սահմանադրությանը: Առաջին ցանկով նախատեսված են ԱՀ Սահմանադրության՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման կամ փոփոխման ենթակա օրենքները, իսկ երկրորդով՝ ԱՀ Սահմանադրության ընդունմամբ պայմանավորված՝ ընդունման կամ փոփոխման ենթակա օրենքները»,- ասել է Ա. Դանիելյանը և ավելացրել, որ սահմանադրական բազմաթիվ նորմեր արդեն սկսել են գործել՝ ձևավորվել է բարձրագույն դատական խորհուրդը:
Ա. Դանիելյանը նշել է նաև, որ ԱՀ Սահմանադրության ընդունումից հետո, նախարարության կողմից տպագրվել են գրքույկներ, որոնք շրջանների գրախանութների միջոցով անվճար տրամադրվել են քաղաքացիներին: Նախատեսվում է էլեկտրոնային տարբերակով սկավառակների վրա Սահմանադրությունը ներկայացնել նաև այն համայնքներին, որտեղ դեռ համացանցի հնարավորություն չկա:
Ամփոփելով անցած տարին՝ նախարարը նշել է, որ 2017 թվականին նախարարության առջև դրված կարևորագույն խնդիրներից է եղել նաև մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության իրականացումը, բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը և համակարգի ստորաբաժանումների գործունեության բարելավումը: