Սիրիայի ընդդիմության նախկին ղեկավար Աբդուրրահման Մուսթաֆան գովել է Թուրքիային՝ Դամասկոսի կառավարության դեմ պայքարում շարունակական աջակցության համար և մեղադրել կառավարությանը՝ սիրիական ռեսուրսները Ռուսաստանի Դաշնությանն ու Իրանի Իսլամական Հանրապետությանը վաճառելու համար:
«Սիրիայի ռեժիմը Ռուսաստանին և Իրանին է հանձնում երկրի ռեսուրսները՝ աղքատության հասցնելով ժողովրդին»․ Սիրիայի ընդդիմության նախկին առաջնորդ
Հարցազրույցի ընթացքում ընդդիմության նախկին ղեկավարը, որը հանդիսանում է Ստամբուլում տեղակայված Սիրիայի ազգային խորհրդի առաջնորդը, քննադատել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին՝ երկիրը ոչնչացնելու և այն չքավորության հասցնելու համար։ Մասնավորապես՝ նա մեղադրել է Ասադին՝ երկրի ռեսուրսները թալանելու և դրանք Ռուսաստանին և Իրանին հանձնելու համար։
«Այս սարսափելի իրավիճակի պատճառը պատժամիջոցները չեն, ինչպես պնդում է ռեժիմը։ Իրական պատճառն այն է, որ ռեժիմն օգտագործում է երկրի ռեսուրսները՝ հանձնելով Ռուսաստանին և Իրանին և սեփական ժողովրդին սոված թողնելով», - ասել է Աբդուրրահման Մուսթաֆան։
10 տարի տևած պատերազմի ընթացքում Ռուսաստանն ու Իրանն աջակցություն են ցուցաբերել Սիրիայի կառավարությանը՝ օգնելով պահպանել իշխանությունն ու վերադարձնել երկրի շրջանների զգալի մասը։
Բացի այդ, Ռուսաստանը ներդրել է դիվանագիտական ջանքեր՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ասադին պաշտպանելու և այլ պետություններին այս հարցի շուրջ մոբիլիզացնելու համար։
Ընդիմության նախկին առաջնորդը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Սիրիայի ընդդիմությանը ցուցաբերած աջակցության և, հատկապես, Իդլիբում զինադադարի հաստատմանն ուղղված աջակցության համար։ Նրա ղեկավարած Սիրիայի ազգային խորհուրդն ընդունում է Անկարայի հռետորաբանությունը՝ սիրիացի քուրդ զինյալներին ահաբեկիչ անվանելով և այդպիսով արդարացնելով Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսային շրջանների օկուպացիան։