Էրդողան-Պուտին հանդիպումը վերբեռնում է ռուս-թուրքական հարաբերությունների համար, որոնք նոյեմբերից սկսած ճգնաժամային փուլում էին և արդեն լուրջ ազդանշանը կա, որ այդ փուլն անցյալում է մնալու:
ՌԴ–ն և Թուրքիան ԼՂ խնդրին առավել ակտիվ մոտեցում կցուցաբերեն, երբ ներկա ճգնաժամային խնդիրները կարգավորեն. թուրքագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ, «Եփրատ» կենտրոնի նախագահ Գևորգ Պետրոսյանը:
Թուրքագետը երկու երկրների նախագահների հանդիպման օրակարգից կարևոր է համարում հանդիպման հիմնական շեշտադրումը, որն ուղղված էր առաջիկայում համագործակցության եզրերը վերականգնելուն։
«Այսինքն՝ սպասելի էր, որ լուրջ որոշումներ դեռևս չեն կայացվի, սակայն համաձայնություններ և հետագա համագործակցությանը վերաբերող որոշումներ կկայացվեն»,– ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ ասաց նա:
Մյուս շեշտադրումը, ըստ նրա, տնտեսական էր։ «Մասնավորապես էներգետիկ ոլորտում համագործակցությանն ուղղված, իսկ հիմնաքարային թեման «Թուրքական հոսք» գազատարի կառուցման շարունակությունն էր, ինչպես նաև Թուրքիայում առաջին ատոմակայանի կառուցման վերաբերյալ քննարկումներն էին, և երկուստեք մեծ կարևորություն ներկայացնող տուրիզմի ոլորտը»,– նշեց թուրքագետը:
Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ արտաքին քաղաքական օրակարգը նույնպես հագեցած էր և պետք է քննարկվեր նաև Սիրիայի հարցը, որը «Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների խնդրահարույց հարցն է ներկա փուլում»:
Հայաստանին առնչվող թեմաների վերաբերյալ, թուրքագետն առանձնացրեց երկու երկրների նախագահների օրակարգային հարցերից մեկը՝ արցախյան հիմնախնդիրը: Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ հաշվի առնելով նախագահների հանդիպմանը հաջորդող մամուլի ասուլիսում հնչած մտքերը, ակնհայտ է, որ արցախյան հիմնախնդիրը ևս քննարկվել է։
«Ձևակերպումն ընդհանրական էր. ստեղծել այնպիսի մի ձևաչափ, որտեղ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կքննարկեն տարածաշրջանային հարցերը: Բնականաբար,եթե Ադրբեջանի անունը կա, ապա խոսքը արցախյան հակամարտության մասին է, չնայած Ռուսաստանն և Թուրքիան արցախյան հակամարտության հարցին առավել ատիվ մոտեցում կցուցաբերեն, երբ ներկա ճգնաժամային հարցերը կարգավորեն»,– ասաց նա:
Tert.am-ի հարցին, թե որն է պատճառը, որ Թուրքիան գրեթե միաժամանակ սկսեց կարգավորել հարաբերությունները Իսրայելի և Ռուսաստանի հետ, Գևորգ Պետրոսյանն ասաց, որ Թուրքիայում այդ շրջանը հետդավութօղլույան փուլն է։
«Դավութօղլուին մեծ քաղաքականությունից հեռացնելուց հետո Թուրքիան սկսեց վերականգնել հարաբերությունները Իսրայելի, Ռուսաստանի, ինչու չէ նաև Եգիպտոսի հետ: Այսինքն՝ Էրդողանը փորձում էր արտաքին քաղաքական դերակատարի փոփոխմամբ դուրս գալ մեկուսացման միտումից, նա փորձում էր քավության նոխազ տեսնել Դավութօղլուին: Սպասելի է, որ Թուրքիան կվերականգնի հարաբերությունները այլ երկրների հետ ևս, ինչի հիմքն այն է, որ նոր վարչապետ կա, չնայած, երկու վարչապետների ժամանակ էլ գլխավոր որոշումները կայացնում է Էրդողանը»,– ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը: