Շանհայում մայիսի 13-15-ը տեղի է ունեցել «SIAL CHINA 2014» սննդի միջազգային տոնավաճառը, որին մասնակցել է 90 երկրից սնունդ արտադրող ավելի քան 2400 ընկերություն:
Հայկական բնական հյութերը ներկայացվել են Շանհայում անցկացված սննդի միջազգային տոնավաճառում
Շանհայում մայիսի 13-15-ը տեղի է ունեցել «SIAL CHINA 2014» սննդի միջազգային տոնավաճառը, որին մասնակցել է 90 երկրից սնունդ արտադրող ավելի քան 2400 ընկերություն: Տոնավաճառին առաջին անգամ ներկայացվել են հայկական արտադրության «ԱՐԵՎԱ» բնական հյութերը: Հայկական արտադրանքի շնորհանդեսին մասնակցել է Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ` հայկական հյութերը մեծ հետաքրքրություն են առաջացրել տոնավաճառ այցելող գործարարների և չինացի սպառողների շրջանում: «ԱՐԵՎԱ» ընկերության ներկայացուցիչ Պավել Կարապետյանի խոսքերով, հյութերի առաջին խմբաքանակը՝ ավելի քան 10 հազար շիշ, արդեն իսկ ներմուծվել է Չինաստան և չինացի գործընկերների միջոցով հաջողությամբ սպառվում է: Ծրագրվում է ներմուծման ծավալները մոտ ապագայում հասցնել տարեկան 200-300 հազար շշի:
Չինացի գործընկերների հետ «ԱՐԵՎԱ» ընկերության համագործակցությունը սկսվել է դեռևս նախորդ տարվա օգոստոսին: Հայկական կողմի հրավերով չինացի գործարարներն այցելել են Հայաստան՝ տեղում ծանոթանալով հայկական մրգերին և դրանցից ստացվող օրգանիկ հյութերի արտադրությանը:
«ԱՐԵՎԱ» ընկերությունը 2010թ.-ից հայկական հյութեր է ներմուծում Սինգապուր, ապա նաև Մալազիա: