Հայոց ցեղասպանության մասին The Cut ֆիլմի ռեժիսոր, գերմանաբնակ թուրք Ֆաթիհ Աքընն իր վերջին հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան փոխվել է, և այդ փոփոխության մի մասնիկն էլ ինքն է:
Հայոց ցեղասպանության քննարկման համար ցանկացա հարթակ ստեղծել. ռեժիսոր Ֆաթիհ Աքըն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Թուրքական «Բիրգյուն» կայքի փոխանցմամբ՝հայտնի ռեժիսորն ընդգծել է Ցեղասպանության փաստին առերեսվելու անհրաժեշտությունը:
«Ընտանիքս թուրք է: Հայոց ցեղասպանությունը մեր պատմության և մշակույթում այլ տեղ ունի: Դա մի կետ է, որը ոչ բոլորը գիտեն և ոչ բոլորն են խոսում: Ֆիլմ նկարելու ամենամեծ պատճառն էլ այն էր, որ ցանկացա մարդկանց համար այդ ցավերը քննարկելու համար հարթակ ստեղծել: Կարծում եմ, որ թուրք ժողովուրդը պատրաստ էր նման ֆիլմի»,-ասել է նա:
Աքընը նշել է, որ պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի մահը բեկում է առաջացրել:
«Վերջին 8 տարում՝ Հրանտի սպանվելուց հետո, շատ բան փոխվեց: Դա շրջադարձային եղավ: Պետությունը հասկացավ, որ նման քաղաքականությունն անիմաստ է: Դեպքից հետո 100 հազար մարդ փողոց դուրս եկավ: Եվ այդ մարդիկ հայ չէին, թուրք էին: Բոլորն ասում էին. «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»: Այդ ամենը ցույց տվեց, որ ժողովուրդը հայերի հանդեպ պետական քաղաքականությանը չի աջակցում»,-ասել է նա: