«Վեցյակի» անդամ երկրները (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) Իրանի շուրջ համաձայնության հասնելուց հետո հնարավոր են համարում մասնակցությունը տարածաշրջանի այլ ճգնաժամերի, այդ թվում՝ Սիրիայի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին:
«Վեցյակը» հնարավոր է համարում մասնակցությունը Սիրիայի հակամարտության կարգավորմանը. Մոգերինի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ամփոփելով «վեցյակի»՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած նախարարական հանդիպման արդյունքները: Նրա խոսքով՝ այդ հնարավորությունը կքննարկվի արդեն առաջիկա օրերին:
«Հաշվի առնելով այն, որ մեզ հաջողվեց այդ ձեւաչափով աշխարհի համար այնքան կարեւոր արդյունքի հասնել երկխոսության եւ դիվանագիտության միջոցով, այն կարող է օգտակար լինել այլ ճգնաժամերի կարգավորման համար: Այդ հնարավորությունը մենք կուսումնասիրենք առաջիկա օրերին»,- ասել է Մոգերինին:
Նա նաեւ նշել է, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը Իրանի եւ «վեցյակի» կողմից կկատարվի ամբողջ ծավալով եւ ժամանակին: Նրա խոսքով՝ այժմ «վեցյակը» սպասում է Իսլամական Հանրապետության խորհրդարանի կողմից գործարքի քննարկման արդյունքներին, ինչը թույլ կտա ձեռնամուխ լինել հուլիսին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն ուղղված հետագա քայլերին։