Այսօր Արցախում մեծ շուքով նշվել է Գյուղատնտեսության աշխատողի օրը:
Արցախում մեծ շուքով նշվել է Գյուղատնտեսության աշխատողի օրը (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վաղ առավոտյան սկսվել և շարունակվում է արցախյան գյուղատնտեսական մթերքների և արտադրատեսակների նմուշների ցուցահանդես-տոնավաճառ:
Հանրապետության բոլոր տնտեսվարողներին և անհատներին հնարավորություն է ընձեռվել ցուցադրելու և վաճառելու իրենց մթերքն ու արտադրանքը:
Տոնավաճառում ներկայացված բերքն ու բարիքն օրհնել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Այնուհետև, Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ պաշտոնական պատվիրակությունը շրջել է տոնավաճառի տաղավարներով՝ ծանոթացել վաճառքի հանված գյուղմթերքներին և արտադրատեսակներին։
ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը նշել է, որ արդեն չորրորդ տարին է, ինչ համաժողովրդական տոնախմբությամբ Ստեփանակերտում նշվում է Գյուղատնտեսության աշխատողի և Բերքի տոնը։
«Այս տարի ավելացել է ներկայացվող արցախյան բերք ու բարիքի և գյուղատնտեսական մթերքի տեսականին և քանակը: Ցուցահանդես-տոնավաճառում ներկայացված են հանրապետության բոլոր շրջաններից մոտ 200 համայնքներ՝ 450- 500 մեքենաներով: Մեր կողմից ֆինանսավորվել են տրանսպորտային բոլոր ծախսերը։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել, որպեսզի տնտեսվարողները մթերքները վաճառեն շուկայականից ցածր գներով։ Մեր պայմանավորվածությունը պահպանվել է, ինչի մասին փաստում է նաև ժողովրդի մեծ հոսքը»,- ասել է նախարարը և շնորհավորել գյուղատնտեսությամբ զբաղվողներին մասնագիտական տոնի առթիվ։
Քաշաթաղի շրջանն այս տարի տոնավաճառին նախատեսված 206-ի փոխարեն ներկայացել է 300 ավտոմեքենայով: Այդ մասին տեղեկացրել է շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը՝ մանրամասնելով, որ ներկայացրել են ավելի քան 50 ապրանքատեսակ:
«Գյուղատնտեսական տարին նախորդ 2 տարիների համեմատ բարեհաջող էր, հատկապես հացահատիկային մշակաբույսերի առումով: Միջին բերքատվությունը շրջանի 15 հազ. հեկտարի հասնող հացահատիկային ցաքատարածքներում կազմել է 28 ցենտներ»,- ասել է Ա. Մխիթարյանը և հավելել,որ Քաշաթաղում տարեցտարի ընդլայնվում են նաև բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածություններն ու այգիները:
Ընդհանուր առմամբ քաշաթաղցի գյուղացիները գոհ են ընթացիկ տարվա արդյունքներից, որոնց իրացման համար լրացուցիչ հնարավորություն է ընձեռել Գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառը, որն ըստ Ա. Մխիթարյանի, նախևառաջ վերածվել է ավանդական տոնի:
Նշենք նաև, որ Բերքի տոնն ուղեկցվում էր Ստեփանակերտի և շրջանների մշակութային համույթների համատեղ կատարումներով:
Միջոցառմանը ներկա էին նաև ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, զբոսաշրջիկներ։