Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն այսօր մասնակցել է կառավարության աշխատակազմի կողմից հանրապետության համայնքների ղեկավարների համար կազմակերպվող հերթական՝ իններորդ դասընթացի փակման արարողությանը:
Փոխվարչապետը մասնակցել է համայնքապետների համար կազմակերպված դասընթացի փակման արարողությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ բարձր գնահատելով համայնքների զարգացման գործում համայնքապետների դերը՝ փոխվարչապետն իր խոսքում համոզմունք է հայտնել, որ նրանք կիրառելու են դասընթացների արդյունքում ստացած գիտելիքներն իրենց հետագա աշխատանքում՝ բարձրացնելով ՏԻՄ-երի գործառութային արդյունավետությունը:
«Փորձը ցույց է տվել, որ աշխատանքի հաջողության կարևոր գրավականներից է ճիշտ կառավարումը: Ուստի, գործադիր իշխանության նպատակն է նման դասընթացների միջոցով ունենալ համայնքների ավելի պատրաստված ղեկավարներ, քանի որ արդյունավետ աշխատանքի համար անհատից շատ բան է կախված»,- ասել է Ա. Աղաբեկյանը:
Հաջողություն մաղթելով դասընթացին մասնակից համայնքապետներին՝ փոխվարչապետը նշել է, որ կառավարությունը միշտ պատրաստ է նրանց հետ քննարկել բոլոր այն ծրագրերը, որոնք կնպաստեն համայնքների զարգացմանը: