Ասկերանի շրջանի Շոշի միջնակարգ դպրոցի 2013-2014թթ. ուս. տարում առաջին դասարանցիների թիվը նախորդ տարվա համեմատությանբ չի փոխվել՝ կազմելով 9 աշակերտ:
Շոշի դպրոցը մի յուրօրինակ սինթեզ է. դպրոցի տնօրեն
Ասկերանի շրջանի Շոշի միջնակարգ դպրոցի 2013-2014թթ ուս. տարում առաջին դասարանցիների թիվը նախորդ տարվա համեմատությանբ չի փոխվել՝ կազմելով 9 աշակերտ:
Այս մասին «Արցախպրես»-ի (թղթակից՝ Մարիամ Սաֆարյան) հետ զրույցում ասել է դպրոցի տնօրեն Համլետ Հարությունյանը՝ հավելելով, որ Շոշի միջնակարգ են հաճախում նաև հարևան Մխիթարաշենի աշակերտները՝ տեղում կրթօջախի բացակայության պատճառով: Տնօրենի հաղորդմամբ՝ ներկայումս 68 աշակերտ ունեցող Շոշի միջնակարգը մասնագետների խնդիր չունի: Խոսելով աշակերտների առաջադիմության մասին, Հարությունյանը նշեց, որ դպրոցն ամեն տարի ակտիվ մասնակցություն է ունենում շրջանային ու հանրապետական օլիմպիադաներին՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր:
«Մեր դպրոցի շենքային պայմանները հարմարեցված են ժամանակակից կրթության պահանջներին: Շենքը շահագործման է հանձնվել 2004 թվականի հոկտեմբերին՝ Տորոնտոյի հայ համայնքի ջանքերով՝ ատենապետ Մկրտիչ Մկրտչյանի անմիջական նախաձեռնությամբ: Բավականին մեծ ներդրում ունենալով շենքի կառուցման գործում, նա հետագա տարիներին ևս օժանդակել է դպրոցին՝ տրամադրելով աշակերտական համազգեստ, սպորտային հագուստ և այլն»,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ կրթօջախին մեծապես աջակցել է և «Փյունիկ» համահայկական հիմնադրամը՝ տրամադրելով 10 համակարգիչ և ֆիզիկայի, քիմիայի ու կենսաբանության լաբորատոր սարքավորումներ: Ֆրանսահայ բարերար Ռոբերտ Այդաբիրյանի նյութական օժանդակությամբ էլ դպրոցն ստացել է սեղանի թենիս:
Հարությունյանը նշեց նաև, որ բարերար Պերճ Լուլեջյանի նյութական օժանդակությամբ ձեռք բերված «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով կանոնավոր կերպով իրականացվում են Մխիթարաշենի աշակերտների ամենօրյա փոխադրումները:
Տնօրենը տեղեկացմամբ՝ արդեն երկու տարի է, ինչ դպրոցն ապահովված է համացանցով, ունի ձմռանը կայուն ջերմաստիճան ապահովող ջեռուցման համակարգ: Սեփական միջոցներով էլ դպրոցը նկուղային հարկում կառուցել է զենքի պահպանման սենյակ՝ ՆԶՊ դասերն աշակերտների համար ավելի առարկայական անցկացնելու համար:
Անդրադառնալով առկա հիմնախնդիրներին` Հարությունյանը առաջին հերթին նշեց դպրոցի տարածքը ցանկապատելու անհրաժեշտությունը: Ցանկապատի բացակայության պատճառով հաճախ դպրոցի տարածք են թափանցում անասունները, բայց կա ավելի լուրջ խնդիր էլ. քանի որ դպրոցը գտնվում է մայրուղու կողքին, բնականաբար, առկա է աշակերտների անվտանգության լիարժեք ապահովման խնդիրը:
Շոշի դպրոցը չունի նաեւ մարզասրահ, եւ անբարենպաստ եղանակին ֆիզկուլտուրայի պարապմունքներն ստիպված անցկացվում են դասասենյակներում: Տնօրինությունն, ըստ Հարությունյանի, այդ առնչությամբ բազմիցս դիմել է վերադասին, սակայն հարցը դեռ լուծում չի ստացել:
«Շոշի դպրոցը մի յուրօրինակ սինթեզ է, որտեղ համահայկական աջակցության ու պետական ֆինանսավորման արդյունքում լուծվել են բազմաթիվ խնդիրներ և հույս ունենք, որ նշված խնդիրներն էլ շուտով լուծում կստանան»,- ասաց Համլետ Հարությունյանը: