ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտված նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չի բացառել այն հնարավորությունը, որ կարող է իր թեկնածությունն առաջադրել Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնին:
Քլինթոնը կարող է Նյու Յորքի քաղաքապետ առաջադրվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է New York Daily News թերթը։ Քաղաքապետի ընտրությունները կկայանան 2017-ի նոյեմբերի 7-ին։
New York Daily News-ը վկայակոչելով լավատեղյալ աղբյուրները, նշում է, որ Քլինթոնը մասնավոր զրույցում չի բացառել , որ կարող է պայքարել Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնի համար, մարտահրավեր նետելով գործող քաղաքապետ Բիլ դե Բլազիոյին։ Թերթը հիշեցնում է, որ դե Բլազիոն երկար տարիներ սերտ կապեր ունի Քլինթոններ ամուսինների հետ, սակայն «նրանց հարաբերությունները վատացել են այն բանից հետո, երբ նա սկզբում հրաժարվել է աջակցել Հիլարի Քլինթոնին որպես ԱՄՆ նախագահի թեկնածուի»։
Նյու Յորքի քաղաքապետ դառնալու դեպքում Քլինթոնը նորից կհայտնվեր «համաշխարհային ասպարեզում», գրում է թերթը, սակայն շատ քաղաքական գործիչներ կասկած են արտահայտում, որ նա ակտիվ քաղաքական գործունեության վերադառնալու վճռականություն կունենա։
Աղբյուրի խոսքով քաղաքապետի պաշտոնի համար պայքարելուն Քլինթոնին կխանգարի նաեւ այն հանգամանքը, որ նա հիմա ապրում է Չապպակուա քաղաքում։ ՄԻնչդեռ Նյու Յորք նահանգի օրենքներով, քաղաքապետի թեկնածուն պարտավոր է քաղաքի հինգ թաղամասերից մեկում բնակվել՝ Մանհեթենում, Բրուքլինում, Բրոնքսում, Քուինսում կամ էլ Սթեյթեն Այլենդում։