Հյուսիսատլանտյան դաշինքի համակարգերի վրա ցանցահենային հարձակումների թիվը 2016 թվականին մեծացել է 60 տոկոսով։
ՆԱՏՕ-ի համակարգերի վրա կիբերհարձակումների թիվը կտրուկ աճել է. Սթոլթենբերգ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Անցած տարվա յուրաքանչյուր ամիս ՆԱՏՕ-ում հետ են մղել մինչև 500 հարձակում՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը գերմանական Die Welt թերթի հետ հարցազրույցում։
«Ներխուժումների մեծ մասն իրականացվել է ոչ թե մասնավոր անձանց, այլ օտարերկրյա պետությունների հետ կապված հաստատությունների կողմից»,-հայտարարել է Սթոլթենբերգը։ Նա անհանգստություն է արտահայտել այդ միտման հետ կապված և հայտարարել, որ կիբերանվտանգության թեման կդառնա գլխավորներից մեկը ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում։
«Դրա հետևանքով կարող է խախտվել դաշինքի պաշտպանունակությունը և հասցվել վնաս մեր զինված ուժերին։ Բոլոր ռազմական գործողությունները հիմնված են մեր օրերում տվյալների փոխանցման վրա։ Դաշինքը փոփոխվում է և ունի հարմարվելու ընդունակություն։ Աշխարհը տեղում կանգնած չի մնում, և մենք փոխվում ենք նրա հետ միասին, դա այն է, ինչ մենք անում ենք արդեն 70 տարի»,-ասել է Սթոլթենբերգը։