ՌԴ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազայում կործանիչների օդաչուները և ինժեներա-տեխնիական կազմը նշել են հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ավիացիայի կազմավորման 21-րդ տարեդարձը։
Հարավային ռազմական օկրուգում տոնել են ՀՕՊ ավիացիայի կազմավորման 21-րդ տարեդարձը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, հունվարի 22-ին անցկացվել է հերթապահ հերթափոխի վարժանքը՝ պայմանական հակառակորդի՝ պետական սահմանը խախտած ինքնաթիռը կասեցնելու գծով։
1996թ. հոկտեմբերի 25-ին ՀՕՊ զորքերի գլխավոր հրամանատարի հրամանով՝ հունվարի 22-ը հայտարարվել է ՀՕՊ ավիացիայի տոն։
ՀՌՕ միավորման անձնակազմը մեծ թռիչքաժամանակ ունի։ Անձնակազմի մեծ մասը կազմում են 1-ին և 2-րդ կարգի օդաչուները։ Ներկայում երիտասարդ օդաչուները նախապատրաստվում են ստուգարքների և նորմատիվների հանձնմանը՝ 3-րդ կարգ ստանալու համար։
Կործանիչ ավիացիայի սպառազինության մեջ գտնվող ՄիԳ-29 ինքնաթիռները պաշտպանում են Ռուսաստանի հարավային սահմանները Անդրկովկասում և ընդունակ են կասեցնել թևավոր հրթիռներ կրող ինքնաթիռները մինչև հրթիռների արձակման գոտի հասնելը։
Գյումրիում տեղակայված է ՌԴ 102-րդ ռազմական բազան, որը հերթապահում է ԱՊՀ ՀՕՊ միասնական համակարգի շրջանակում։ ՌԴ-ն և Հայաստանը 2010թ. օգոստոսի 20-ին երկարաձգել են բազայի տեղակայման մասին պայմանագրի գործողությունը մինչև 2044 թվականը։ Արձանագրությունը նախատեսում է նաև ընդլայնել բազայի աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտը։ Այն համալրված է ԶՌԿ Ս-300Բ, Բուկ-Մ1-2 համակարգերով, ՄիԳ-29 կործանիչներով, Մի-8ՄՏ ռազմա-տրանսպորտային և Մի-24Պ հարվածային ուղղաթիռներով։