Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հունվարի 26-ին հանդիպել է Լատվիայի Սաեյմայի (խորհրդարան) նախագահության քարտուղար Անդրեյ Կլեմենտևսի և Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինի հետ։
Դեսպան Մկրտչյանը Լատվիայի Սաեյմայում հանդիպմանը ներկայացրել է համագործակցության հեռանկարային ուղղությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպմանը կողմերը գոհունակություն հայտնեցին երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված սերտ փոխգործակցության առնչությամբ և քննարկեցին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո օրենսդիր մարմինների միջև համագործակցությունն առավել խորացնելուն ուղղված քայլերը:
Զրուցակիցները կարևորեցին հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն առաջիկայում անցկացնելու անհրաժեշտությունը։ Անդրադարձ կատարվեց առաջիկայում երկկողմ այցերի կազմակերպմանը:
Դեսպան Մկրտչյանը Լատվիայի Սաեյմայի նախագահության քարտուղարին ներկայացրեց երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային մի շարք ուղղություններ, մասնավորպես՝ տնտեսության և մշակույթի բնագավառներում»: