Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի Մայրավանքը նախօրեին լի է եղել հավատացյալներով, ովքեր հավաքվել են ներկա լինելու Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցվող սուրբ պատարագին:
Հայ ժողովուրդը միշտ Հարություն է առել՝ Քրիստոսի օրինակով մահվան նկատմամբ հաղթանակ տանելով. Արամ Առաջին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բացի հավատացյալներից, ներկա են եղել նաև այլ համայնքներից հոգևորականներ, քաղաքական գործիչներ, ովքեր եկել էին Մայրավանք՝ շնորհավորելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի սուրբ Զատիկը:
Panorama.am-ի փոխանցմամբ՝ Կաթողիկոսարանի պաշտոնական կայքից տեղեկացնում են, որ Զատկական սուրբ պատարագը մատուցել ու իր հայրապետական պատգամն է հղել Արամ Առաջինը:
Նա խոսել է Քրիստոսի Հրաշափառ Հարություն տոնի խորհրդի մասին, ապա նշել է. «Հայ ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում, երբ հանդիպել է փոթորիկների, նայել է Քրիստոսի հաղթական Հարությանն ու այդ Հարությամբ թրծել, շաղախել, իմաստավորել և հզորացրել իր կյանքը: Նույն այդ Հարության ոգով է, որ կարողացել է տոկալ և ամեն տեսակի դժվարության դեմն առնել, և միշտ հարություն առել՝ Քրիստոսի օրինակով մահվան նկատմամբ հաղթանակ տանելով»:
Արամ Առաջինն իր պատգամը եզրափակել է հավատացյալներին կոչ ուղղելով՝ վերանորոգել մեր քրիստոնեական կյանքը Քրիոստոսի Հաղթական Հարությամբ՝ դրանով պայծառակերպվելով և առաջնորդվելով դեպի բարի ու խաղաղ նավահանգիստ: