Ստեփանակերտում, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Անատոլի Թադևոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը։
Ասկերովը մանրամասներ է պատմել, թե ովքեր էին իրեն ուղեկցում ԼՂՀ սահմանը պարբերաբար խախտելիս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մասնավորապես, դատավոր Անատոլի Թադևոսյանի՝ սահմանը պարբերաբար ապօրինի հատելու գաղափարի առաջացման և նպատակների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ամբաստանյալ Ասկերովը նշել է, որ առաջին անգամ սահմանը խախտել է իր մի ազգականի՝ ոմն Հիդայաթի հետ, ում հարազատները նույնպես թաղված են Շահումյանի շրջանում։ Հենց նա էլ իրեն ցույց է տվել այն երթուղին, որով Ասկերովը, պարբերաբար ու ապօրինաբար խախտելով սահմանը, հայտնվել է ԼՂՀ տարածքում։ Երկրորդ անգամ ԼՂՀ սահմանը Ասկերովը հատել է ոմն Ռաֆիկի հետ՝ կրկին հարազատների գերեզմաններ այցելելու նպատակով։ Դ. Ասկերովի խոսքով, իր սահմանախախտումների մասին տեղյակ են եղել նաև ադրբեջանական հատուկ ծառայության աշխատակիցներն ու սահմանի վրա տեղակայված ադրբեջանական դիրքապահ ստորաբաժանումների հրամանատարները։ Ակսերովը հայտնեց նաև, որ սահմանախախտումների համար իր նկատմամբ որևէ պատժամիջոց չի կիրառվել։
Խոսելով այս տարվա հուլիսին սահմանն ապօրինաբար խախտելու մասին` Դ. Ասկերովը նշել է, որ ոմն Ջաբիր խոստացել է ԼՂՀ Շահումյանի շրջան գնալու և այնտեղ թաքցված 4 կիլոգրամ ոսկին բերելու դեպքում դրա 30 տոկոսը բաժին հանել իրեն, ինչին նա համաձայնել է։ ԼՂՀ սահմանը խախտելու և Շահումյանի շրջան անցնելու նպատակով էլ ոմն Ջաբիրը նրանց է տրամադրել մեծաքանակ զենք և զինամթերք։
Դ. Ասկերովը դատաքննության ժամանակ ժխտեց այն հանգամանքը, որ սահմանը խախտելուց առաջ ինքը, մի քանի անգամ կրակելով, փորձարկել է իրենց հանձնված զենքերը։ Նշված զենքերը (3 ատրճանակ, 3 ինքնաձիգ՝ համապատասխան խլացուցիչներով, նռնակներ և մեծաքանակ փամփուշտներ), որոնք վերը նշված ոմն Ջաբարի կողմից հետախուզադիվերսիոն խմբի անդամներին տրվել է սահմանն անցնելուց առաջ, ըստ Դ. Ասկերովի, իբր վայրի կենդանիներից ինքնապաշտպանվելու համար են եղել։
Ի դեպ, հանցախմբի մյուս անդամ Գուլիևը, ով նախապես նշել էր հակառակի մասին, այսօր վերահաստատեց իր ցուցմունքը, ըստ որի, Ասկերովը նախապես կրակել և փորձարկել է իրեն հանձնված զենքերը։ Այս պնդումից նյարդայնացած` Ասկերովը շարունակեց, որ իր հետ ԼՂՀ սահմանը խախտած Գուլիևը, հնարավոր է` ադրբեջանական ԱԱԾ աշխատակից է։
Նշենք, որ «Արցախպրես»-ը հետևում է դատավարության ընթացքին և հաջորդիվ կներկայացնենք քրեական գործի մանրամասները։