Իրաքի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որով նախատեսվում է աշխատանքից ազատել պաշտոնյաներին եւ պետական ծառայողներին, որոնք մասնակցել են Քուրդիստանի անկախության հանրաքվեին:
Իրաքի խորհրդարանը կողմ է քվեարկել Քուրդիստանի անկախության հանրաքվեին մասնակցած պաշտոնյաներին ազատելու մասին որոշմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Sky News Arabia–ն։
Մասնավորապես, փաստաթուղթը նախատեսում է դադարեցնել պլեբիցիստում ընդգրկված պաշտոնյաներին աշխատավարձ վճարելը եւ զրկել բոլոր արտոնություններից։
Խորհրդարանում քրդական խմբակցությունները բոյկոտել են նստաշրջանը եւ չեն մասնակցում նիստին։ Ավելի վաղ պատգամավորները կողմ էին քվեարկել Իրաքի Քուրդիստանի հետ սահմանային տերմինալների փակմանը, իսկ նախքան այդ կենտրոնական կառավարությունը նրանցից պահանջել էր Բաղդադի վերահսկողությանը հանձնել սահմանապահ կետերը, այդ թվում՝ օդանավակայանները։
Հիշեցնենք, որ Իրաքի Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին ընթանում է անկախության հանրաքվեն։ Պաշտոնական Բաղդադը դեմ է դրան։