Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել՝ կապված Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսության աշխատակցի կալանավորման փաստի հետ:
Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ հյուպատոսության աշխատակցին կալանավորելու որոշումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը: Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Հուսեյն Մուֆթուօղլուն հայտնել է, որ Մեթին Թոփուզը հյուպատոսության գրանցված աշխատակից չի եղել: «2017 թվականի սեպտեմբերի 25-ին ահաբեկչական գործունեության կասկածանքով ձերբակալված, ապա կալանավորված այդ անձն ԱՄՆ հյուպատոսության պաշտոնական ցուցակում գրանցված աշխատակազմից չէ, որևէ դիվանագիտական աստիճան չունի»,- ասել է խոսնակը: Ավելի վաղ հայտարարություն էր տարածել Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը՝ մտահոգություն հայտնելով իր աշխատակիցներից մեկի ձերբակալման փաստի առնչությամբ: Ամերիկյան կողմն ընդգծել էր, որ նմանօրինակ չհիմնավորված և հստակ աղբյուր չունեցող պնդումները միայն կվնասեն թուրք-ամերիկյան երկարամյա համագործակցությանը: Ստամբուլի հանրապետական դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցավորության գրասենյակը գյուլենականների դեմ հետաքննության շրջանակում «լրտեսություն անելու» հիմնավորմամբ Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսության աշխատակցին կալանավորելու որոշում է կայացրել: Թոփուզը մեղադրվում է Թուրքիայում «սահմանադրական կարգը փոխելու փորձ անելու», «լրտեսության» և «Թուրքիայի իշխանություններին տապալելու փորձի» մեջ: