Հիմնադրամը հայաստանաբնակ գործարար Վարուժան Գրիգորյանի հովանավորությամբ Մարտակերտի շրջանի Չափար գյուղում դպրոց է կառուցում:
Չափար գյուղում նոր դպրոցական շենք է կառուցվում
Հիմնադրամը հայաստանաբնակ գործարար Վարուժան Գրիգորյանի հովանավորությամբ Մարտակերտի շրջանի Չափար գյուղում դպրոց է կառուցում: Ծրագիրը համաֆինանսավորում է Լեռնային Ղարաբաղի կառավարությունը:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից՝ նշելով, որ երկհարկանի դպրոցը նախատեսված է 84 աշակերտի համար: Ամռանն այն շահագործման կհանձնվի, եւ համայնքի շուրջ 40 աշակերտները նոր ուսումնական տարին կսկսեն նորակառույց հաստատությունում:
Դպրոցի տնօրեն Իրինա Սեւումյանի խոսքով` աշակերտները պարբերաբար մասնակցում են Հայաստանում եւ Արցախում անցկացվող տարբեր օլիմպիադաների եւ, որպես կանոն, բարձր ցուցանիշներով են տուն վերադառնում: «Նոր դպրոցն, ինչ խոսք, կնպաստի, որ երեխաները դպրոց հաճախեն լավ տրամադրությամբ եւ ունենան բարձր առաջադիմություն: Հույս ունենք, որ մեկ-երկու տարի անց կավելանա նաեւ դպրոցում ուսանող աշակերտների թիվը»,- ասում է տնօրենը:
Ընթացքում են նորակառույց շենքի ներքին հարդարման աշխատանքները: Կից կառուցվող կաթսայատան շնորհիվ ընդհանուր 940 քմ մակերես ունեցող հաստատությունն ամբողջությամբ կջեռուցվի: Դպրոցը կունենա նաեւ բացօթյա խաղահրապարակ:
Չափարն Արցախի հնագույն բնակավայրերից է: Գյուղի պատմամշակութային կոթողներից առավել հայտնի են Հակառակաբերդ ամրոցն ու Կարմիր եկեղեցին: Չափարում 2012թ.-ին հիմնադրամի կառուցած շուրջ 4 կմ երկարությամբ ջրատարի շնորհիվ` համայնքի 300-ից ավել բնակիչներն ապահովված են խմելու ջրով: