Մարտակերտում այսօր տեղի է ունեցել ԱՀ հայրենիքի սահմանները պաշտպանելիս 2017 թվականի փետրվարի 8-ին զոհված փոխգնդապետ, մարտակերտցի Գեղամ Հենրիկի Մանուկյանի հիշատակին կառուցված կիսանդրու և հուշաղբյուրի բացման արարողություն:
Մարտակերտում բացվել է Գեղամ Մանուկյանի հիշատակին կառուցված կիսանդրի և հուշաղբյուր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կիսանդրու և հուշաղբյուրի բացման պատիվը տրվել է Գեղամ Մանուկյանի երեխաներ Վիտալի և Արմինե Մանուկյաններին:
Կիսանդրին կառուցել է Գեղամ Մանուկյանի հորեղբոր որդին՝ Արմեն Մանուկյանը, ով ապրում է ՌԴ-ում, իսկ հուշաղբյուրն էլ կառուցել են փոխգնդապետի ընկերները: Միջոցառման ներկաները ծաղիկներ են խոնարհել Գ. Մանուկյանի կիսանդրուն: Բացմանը Գ. Մանուկյանի նախկին զինվոր Ռազմիկ Խրշոյանն իր ելույթում ասել է, որ Մանուկյանը բանակաշինության գործում մեծ ներդրում ունի:
«Նա միշտ էլ եղել է առաջնագծում:Մեզ համար նա եղել է զինվորականի լավ օրինակ: Գ. Մանուկյանը հայրենիքի մեծ նվիրյալ հայորդի էր»,-մասնավորապես ընդգծել է Ռ. Խրշոյանը: Ներկաներն այցելել են նաև Գեղամ Մանուկյանի գերեզմանին և ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել փոխգնդապետի շիրմին:
Միջոցառմանը ներկա էին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ, զինակից ընկերներ, մարտակերտցիներ և այլք:
Հիշեցնենք, որ 2017 թվականի փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը: Նա հետմահու պարգևատրվել «Մարտական ծառայություն» և «Արիություն» մեդալներով:
Նշենք նաև, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձին հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անվեհերության և խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքն անձնազոհաբար կատարելու համար թիվ N զորամասի ծառայության պետ, փոխգնդապետ Գեղամ Հենրիկի Մանուկյանին հետմահու պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Լուսանկարները՝ Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի