ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նախօրեին եղել է եւ Շահումյանի շրջանի Քարվաճառի շրջանային բուժմիավորումում, ծանոթացել է բուժհիմնարկի շենքային պայմաններին:
Առողջապահության նախարարը այցելել է Շահումյանի և Մարտակերտի շրջաններ
Ի թիվս Արցախում իր աշխատանքային ոչ լրիվ մեկ ամսվա՝ բավականին խիտ ժամանակացույցով այցերի՝ ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նախօրեին եղել է եւ Շահումյանի շրջանի Քարվաճառի շրջանային բուժմիավորումում, ծանոթացել է բուժհիմնարկի շենքային պայմաններին, քննարկել անհրաժեշտ սարքավորումների, բժիշկ-մասնագետներին առնչված խնդիրներ:
Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությանից, նա հատուկ ուշադրություն է դարձրել պետության կողմից տրամադրվող դեղերի ապահովման մեխանիզմներին՝ ասելով. «Եթե հիվանդներն ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում հասնել շրջանային բուժմիավորում՝ դեղերն ստանալու, ինքնե՛րդ տարեք դրանք»: Հատկապես ընդգծել է շաքարային դիաբետով հիվանդներին ինսուլինով և հակադիաբետիկ հաբերով ապահովելու անհրաժեշտությունը:
Գերատեսչության ղեկավարին հետաքրքրել է նաև պատվաստումների օրացույցի կատարողականը, մասնավորապես` սառցե շղթայի ապահովումը, սառնարանների և սառնարան-պայուսակների առկայությունը, ինչպես նաև ամբուլատոր քարտերի պատշաճ վարումը: Նա խոստացել է, որ շուտով բուժմիավորումում փոփոխություններ կլինեն, հստակեցվելու է շենքային պայմանների բարելավման հարցը:
Հ. Քուշկյանը համայցով եղել է նաեւ Մարտակերտի շրջանում՝ Գետավանի տեղամասային հիվանդանոցում հանդիպել նույն խնդիրներին /շենքային վատ պայմաններ, մասնագետների պակաս եւ քննարկելով դրանք՝ տվել հանձնարարականներ: