Մարտունու շրջանի Նորշեն գյուղի նախադպրոցականների թիվը հասնում է 33-ի, սակայն համայնքը դեռևս մանկապարտեզ չունի:
Նորշենը մանկապարտեզի կարիք ունի (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Նորշենի համայնքի ղեկավար Բորիս Ասրյանը և հավաստել, որ գյուղում տարեցտարի ծնելիության թվի աճ է նկատվում:
Բ. Ասրյանի խոսքով՝ Ներշենում կան բազմազավակ ընտանիքներ. նրանք օգտվում են պետական նպաստներից:
«Բացի այդ նպաստներից՝ գյուղի բարերարների կողմից 2017 թվականի ընթացքում ծնված յուրաքանչյուր մեկ երեխայի տրամադրվում էր 300 հազար դրամ, իսկ 2018 թվականից արդեն տրամադրվելու է 500 հազար դրամ»,-տեղեկացրել է համայնքի ղեկավարը:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ ԱՀ պետական բյուջեի միջոցներով 2015 թվականին գյուղում կառուցվել է դպրոց. այնտեղ սովորում է 54 աշակերտ, նրանց թիվն ավելացման միտում ունի:
«Վերանորոգվել և շահագործման է հանձնվել նաև համայնքի կենտրոնը, որտեղ տեղակայված են ակումբը, բուժկետը, գրադարանը:
Համագյուղացի բարերարների միջոցներով վերանորոգվել են 220 տեղանոց հանդիսությունների սրահը և գյուղում գործող Ս. Հովհաննես եկեղեցին:
Նորշեն համայնքի բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է:
«Գյուղում կան 110 գլուխ խոշոր և 300 մանր եղջերավոր անասուններ: Բանակչությունը կատարել է 250 հա աշնանացան և 30 հա գարնանացան աշխատանքներ»,-նշել է Բ. Ասրյանը:
Խոսելով գյուղամիջյան ճանապարհների մասին՝ համայնքի ղեկավարն ասել է, որ 2018 թվականին նախատեսվում են իրականացնել սալապատման աշխատանքներ:
«Գյուղն ամբողջությամբ գազաֆիկացված է, բնակչությունն օգտվում է շուրջօրյա ջրամատակարարումից: Համայնքին հասանելի է նաև ինտերնետ կապը»,-հավելել է Բ. Ասրյանը: