Հայաստանի առաջատար ազատ ոճային, 125 քաշային կարգում հանդես եկող Լևան Բերիանիձեն չի մասնակցում Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը:
Ըմբշամարտի ԵԱ. Հայտնի է, թե ինչու է բացակայում Լևան Բերիանիձեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պատճառն այն է, որ Բերիանիձեն վերջին մարզման ժամանակ իրեն վատ է զգացել:
Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Նշենք` մեր մյուս ըմբիշներից Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ մրցել է Բուլղարիայի ներկայացուցիչ Ալի Փաշա Ումարփաշաևի հետ, սակայն 2:13 հաշվով պարտություն է կրել:
Նախնական գոտեմարտում մաքուր հաղթանակով մեկնարկած 92 կգ քաշային Շամիր Աթյանն էլ ԵԱ-ի քառորդ եզրափակչում մրցել է վրացի Իրակլի Մցիտուրիի հետ, սակայն 0:3 հաշվով պարտություն է կրել:
Այսօր երեկոյան 57 կգ քաշային Միհրան Ջամբուրգյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար, իսկ մեր մյուս ըմբիշները պետք է սպասեն իրենց հաղթած մրցակիցների գոտեմարտերին` հասկանալու համար սփոփիչ գոտեմարտի իրավունք ստանալու են, թե ոչ: