Ռուանդայում անցկացված «Միսս Ռուանդա-2019» գեղեցկության մրցույթը կրկին հրահրել է խուտու և տուտսի ժողովուրդների միջև վաղեմի թշնամանքը
«Միսս Ռուանդա-2019» մրցույթը միջէթնիկ թշնամանքի վերածնման պատճառ է դարձել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, գրում է regnum.ru-ն՝ BBC Swahili-ին հղումով:
Մրցույթի հաղթող է ճանաչվել Նիմվիզա Մեգանը: Եզրափակիչ անցած 15 գեղեցկուհիներից միայն մեկն է խուտուների ներկայացուցիչ եղել, որը SMS և համացանցային քվեարկության շնորհիվ արժանացել է «Միսս ժողովրդականություն» տիտղոսին:
Խուտուներից շատերը քվեարկել են աղջկա օգտին՝ ելնելով էթնիկական գործոնից, և վատ են արտահայտվել մյուս մասնակիցների հասցեին: Քաղաքացիների միջև թշնամանքի նման հրահրումը Ռուանդայի կառավարության քննադատությանն է արժանացել:
Ցեղասպանության գաղափարախոսության դեմ պայքարի միջազգային հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկել այն մարդկանց դեմ, որոնք մրցույթի ընտրությունն օգտագործել են խուտուների և տուտսիների միջև միջէթնիկ թշնամանք հրահրելու նպատակով:
Հիշեցնենք, որ 1994թ.-ին Ռուանդայում իշխանության գլուխ եկած ժամանակավոր կառավարությունը՝ կազմված երկրում մեծամասնություն կազմող խուտու ազգության ներկայացուցիչներից, ցեղասպանություն էր իրականացրել: Մոտ 100 օրվա ընթացքում, տարբեր տվյալներով, սպանվել է 500 հազարից 1 մլն մարդ: Ցեղասպանության զոհ են դարձել երկրի ազգային փոքրամասնություն կազմող տուտսիները, ինչպես նաև խուտուների՝ չափավոր քաղաքական հայացքներ ունեցող ներկայացուցիչներ: