Մոսկվայի Կունցևսկի դատարանը չի բավարարել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հայցն ընդդեմ նախկին ամուսնու, որով նա պատրաստվում էր 3 մլն ռուբլի փոխհատուցում ստանալ հայ դերասանից՝ իրեն հասցված անձնական վիրավորանքների համար:
Մոսկովյան դատարանը մերժել է Ջիգարխանյանի դեմ 3 մլն ռուբլի փոխհատուցման մասին Վիտալինա Ցիմբալյուկի հայցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դատարանը համարել է, որ 2017 թվականի հոկտեմբերի 18-23-ն ընկած ժամանակահատվածում տարբեր հեռուստաեթերների ժամանակ Ցիմբալյուկի հասցեին Արմեն Ջիգարխանյանի հնչեցրած արտահայտությունները վիրավորանք ու զրպարտություն չեն պարունակում, փոխանցում է tert.am-ը:
Հիշեցնենք, որ 83-ամյա արտիստը, հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ չզսպելով հույզերը, «գող» էր անվանել իր նախկին կնոջը:
Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը նշել է, որ դատական նիստը տևել է շուրջ 3 ժամ, իսկ դատարանի նման վճիռն իսկական անակնկալ է եղել Վիտալինա Ցիմբալյուկի համար:
Նա հավելել է, որ չնայած հաղթանակին՝ ինքը չի շտապել ուրախալի լուրը հայտնել Արմեն Ջիգարխանյանին:
«Դատարանի որոշման մասին Արմեն Բորիսովիչին չեմ հայտնել, նա հիմա դրա ժամանակը չունի: Նա զբաղված է իր առողջությամբ, և այս դատական քաշքշուկները նրան ձանձրացրել են», - նշել է փաստաբանը: