Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ փետրվարի 13-ին՝ ժամը 18:10-ին, մայրաքաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցու բակում «Տյառնընդառաջ»-ի տոնին նվիրված տեղի է ունենալու միջոցառում:
Ստեփանակերտում փետրվարի 13-ին նշվելու է «Տյառնընդառաջ»-ը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանը՝ ընդգծելով, որ արդեն 7-րդ տարին է ինչ, իրենք նախաձեռնում են նման միջոցառում:
Նրա խոսքով՝ միջոցառմանը ազգագրական երգերով ու պարերով հանդես են գալու կենտրոնի «Արցախի բալիկներ» երգի-պարի համույթի սաները: Եկեղեցու բակում վառվելու է ավանդական խարույկ, կազմակերպվելու է նաև թատերական ներկայացում: Ներկաներին բաժանվելու է ավանդական գաթա և աղանձ:
Խոսելով «Տյառնընդառաջ» տոնի կարևորության մասին՝ մեր զրուցակիցը մասնավորապես ասել է. «Նման միջոցառումներ կազմակերպելով մենք նպատակ ունենք ժողովրդի մեջ ամրակայենք ազգային սովորություններն ու ծեսերը: Չէ որ հայ մարդը հայ է մնացել նաև իր ազգային ավանդույթներով: Վերջին տարիներին արդեն զգացվում է, որ մեր երիտասրադությունը սկսել է հակվել դեպի ազգայինը՝ հեռու մնալով օտարածին սովորություններից»:
Նշենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Տյառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։ Տյառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր։ Տյառնընդառաջի տոնակատարություններն սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան: