Թբիլիսիում հայտնաբերվել են հելլենիստական ժամանակաշրջանի հնագույն արտեֆակտներ
Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալությունն ուսումնասիրում է նոր գտածո.
Թբիլիսիում հայտնաբերվել են հելլենիստական ժամանակաշրջանի հնագույն արտեֆակտներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թբիլիսիի արվարձանում՝ Գլդանի բանտի մոտակայքում, հայտնաբերվել են չորս հնագույն դամբարանատեղիներ, կավամաններ եւ մետաղյա զարդեր, որոնք, ենթադրաբար, պատկանում են հելլենիստական ժամանակաշրջանին, NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն:
Մ.թ.ա. IV դարին վերագրվող եզակի գտածոյի ուսումնասիրմամբ զբաղվում է Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալությունը, ասվում է գործակալության Facebook-յան էջում տեղադրված հայտարարության մեջ:
Առաջիկայում գործակալությունը կներկայացնի եզրակացություն, թե որ ժամանակաշրջանին են պատկանում գտածոները եւ ինչպիսի մշակութային արժեք ունեն:
Արտեֆակտները հայտնաբերվել էին, երբ վնասվել էր ջրահեռացման խողովակը: Ներքին գործերի նախարարությանը եւ Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալությանը գտածոյի մասին առաջինը հայտնել էր տեղի բնակիչներից մեկը: Գիշերվա ընթացքում այդտեղ արտեֆակտների անվտանգությունն ապահովում էր ոստիկանությունը:
Հելլենիզմի ժամանակաշրջանը տեւել է շուրջ երեք դար՝ մ.թ.ա. 323-30 թթ.: Այդ ընթացքում ժամանակակից Վրաստանի տարածքում Կոլխիդայի թագավորությունն էր: Սեւ ծովի արեւելյան ափին տեղակայված պետության մասին առաջին հիշատակումները վերագրվում են մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսերին: Ավելի ուշ՝ մ.թ.ա. 3-2-րդ դարերի սահմանագծում ներկայիս Վրաստանի հարավային եւ արեւելյան հատվածներում ձեւավորվել էր Իբերիա պետությունը: