Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ավստրիա մեկնելուն պես իր ելույթների ժամանակ կցուցադրի «Գորշ գայլերի» ազգայնական նշանը՝ ի հեճուկս այդ երկրում տվյալ նշանի կիրառման արգելքի:
«Ավստրիայի արտգործնախարարին ասել եմ՝ «Չնեղանաս, Ավստրիա գալուն պես «Գորշ գայլերի» նշանն առաջինը ցուցադրողը ես եմ լինելու». Չավուշօղլուն՝ ազգայնական նշանի արգելքի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Tert.am-ը:
«Ավստրիայի արտգործնախարարի հետ էլ հեռախոսազրույցի ժամանակ ասել եմ՝ «Չնեղանաս, բայց Ավստրիա գալուն պես այդ նշանն առաջինը ցուցադրողը ես եմ լինելու ու խախտելու եմ այդ արգելքը», - ասել է Չավուշօղլուն՝ «Գորշ գայլեր» ազգայնական շարժման քաղաքական թևը համարվող «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ իրենք պարբերաբար ճնշում են գործադրել Ավստրիայի վրա՝ պնդելով, որ այդ երկրում ազատ երթեր են կազմակերպում ու այդ կառույցի նշաններ օգտագործում Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման կողմնակիցները:
«Ասացին՝ «Դա արգելելու համար պետք է ինչ-որ օրենք սահմանել»: Մենք էլ այդ ամենից երջանկացանք, որովհետև պարբերաբար ճնշում էինք գործադրում այդ հարցում: Հետո օրենքի նախագիծը պատրաստվեց, վերջին րոպեին տեսնենք այս գործի մեջ «Գորշ գայլերի» նշանն էլ են ներառել ցանկում», - պատմել է Չավուշօղլուն: