Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ անընդունելի է համարում ՀՀ կառավարության փորձերը` փոխելու ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների ձևաչափը:
Համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի այցերն Արցախ ընդգծում են Ստեփանակերտի անուղղակի մասնակցությունը բանակցություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ալիևի այդ հայտարարությունը չի կարելի միանշանակ ընկալել։
«Նախ չմոռանանք, որ ձեւաչափը ներառում է ոչ միայն հակամարտող կողմերը, այլ նաեւ միջազգային ընտանիքը. այս դեպքում այն ներկայացնում է ԵԱՀԿ-ն։ Իսկ բոլորի համար պարզ է, որ Բաքուն վաղուց աշխատում էր բանակցային ձեւաչափը տեղափոխել այլ հարթություններ։ Հիմա ստացվում է, որ Բաքուն համաձայն է գործող ձեւաչափին՝ ԵԱՀԿ-ի շրջանակներում միջնորդական առաքելությանը»,- ասաց Շահան Գանտահարյանը:
Ինչ վերաբերում է բանակցությունների ձևաչափին, Շահան Գանտահարյանի խոսքով` խնդիրը ոչ թե փոփոխության, այլ բուն բանակցային ձեւաչափի վերադարձին է վերաբերում.համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի այցերն Արցախի Հանրապետություն ընդգծում են Ստեփանակերտի անուղղակի մասնակցությունը: Խնդիրն անուղղակին ուղղակիի վերադարձնելն է։