Gopetition.com կայքում խնդրագիր է հայտնվել, որի հեղինակները պահանջում են Ղազախստանի մայրաքաղաք Աստանան երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին Նուրսուլթան չվերանվանել:
Ղազախստանի բնակիչները բողոքել են մայրաքաղաք Աստանայի՝ Նազարբաևի պատվին անվանափոխման դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խնդրագիրը կայքում հայտնվել է մարտի 20-ին և արագորեն ստորագրություններ է հավաքում: Այս պահի դրությամբ այն արդեն ավելի քան 31 հազար մարդ է ստորագրել, փոխանցում է tert.am-ը:
«Մենք՝ Ղազախստանի Հանրապետության քաղաքացիներս և մայրաքաղաքի, քաղաքների, շրջանների ու գյուղերի բնակիչներս, ելնելով այն ակնհայտ ճշմարտությունից, որ, համաձայն Սահմանադրության, յուրաքանչյուր քաղաքացի ունի խոսքի և մտքի ազատության անքակտելի իրավունք, պահանջում ենք երկրի մայրաքաղաք Աստանան Նուրսուլթան չվերանվանել»,- ասված է դիմում-բողոքի տեքստում:
Խնդրագրի հեղինակների խոսքով՝ երկրի շատ ոլորտներում ֆինանսավորման դեֆիցիտ կա, և դրա ֆոնին մայրաքաղաքի անվանափոխումը բյուջետային միջոցների չափազանց մեծ ներդրում է՝ սկսած հասարակ ցուցանակներից մինչև նավիգացիոն համակարգերի ու միջազգային պայմանագրերի փոփոխություն:
Նշվում է նաև, որ Աստանան մայրաքաղաքի տեղափոխման ժամանակ ձևավորված բրենդ է, որը միայն վերջերս է սկսել ճանաչելի դառնալ միջազգային ասպարեզում:
«Մայրաքաղաքի անվանափոխումը կարևոր հարց է, որը պետք է քննարկվի Ղազախստանի ժողովրդի հետ, իսկ որոշումը պետք է ընդունվի ազնիվ միջոցով՝ հանրահավաքով»,- ասված է խնդրագրում:
Հիշեցնենք, որ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին Աստանան վերանվանելու առաջարկն արվել էր մարտի 20-ին՝ երկրի նորանշանակ նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի կողմից: Նույն օրը երկրի խորհրդարանն ընդունել էր համապաատսխան որոշումը:
1997թ.-ին Ղազախստանի մայրաքաղաքը Ալմաթիից տեղափոխվել էր Ակմոլա, որը 1998թ.-ին Աստանա էր վերանվանվել: