Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը Regnum գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովին տված հարցազրույցում խոսել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին:
«Տարածքների հանձնումն Արցախի և Հայաստանի անվտանգության ոչնչացում է». Մասիս Մայիլյանի հարցազրույցը Regnum-ին
Խոսելով բանակցային գործընթացում արցախյան կողմի ներգրավման հավանականության մասին՝ արտգործնախարարն ասել է. «Նախևառաջ պետք է նշել, որ բանակցային եռակողմ ձևաչափի վերականգնման հարցում Երևանն ու Ստեփանակերտը նույն մոտեցումներն ունեն: Միևնույն ժամանակ, խոսելով Արցախի Հանրապետության՝ բանակցային սեղանի շուրջ վերադարձի մասին, մենք ելնում ենք ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում զգալի առաջընթացի հասնելու անհրաժեշտությունից: Եռակողմ բանակցությունների վերականգնման համար կան բոլոր անհրաժեշտ նախապայմանները»:
Մայիլյանի կարծիքով՝ բանակցային եռակողմ ձևաչափի բանաձևը բավական պարզ է. կողմերից յուրաքանչյուրն ուղղակիորեն ներկայացնում է իր շահերն ու քննարկում իր իրավասությունների տիրույթում գտնվող հարցերը:
«Այս ձևաչափի վրա էլ կարող է հիմնվել բանակցություններին Արցախի Հանրապետության մասնակցության գործընթացը: Ինչպես բազմիցս հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանը մտադիր չէ Ստեփանակերտի մասնակցությունը որպես նախապայման դնել, սակայն միևնույն ժամանակ բանակցությունները վարելու է միայն իր անունից: Սա նշանակում է, որ բացառապես Արցախի Հանրապետության իրավասությունների և լիազորությունների շրջանակում գտնվող հարցերը չեն կարող քննարկվել Երևան-Բաքու երկկողմ ձևաչափով: Նման մոտեցումն օբյետիվ է ու, մեր կարծիքով, կարող է դառնալ Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու մեխանիզմներից մեկը»,-նշել է պաշտոնյան:
Հարցազրույցի ընթացքում ԼՂՀ արտգործնախարարը նաև անդրադարձել է տարածքային զիջումների թեմային:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններից հասկացվում է, որ պաշտոնական Բաքվի ռազմավարական նպատակն է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Սյունիքի մարզի և նույնիսկ մայրաքաղաք Երևանի գրավումը:
Մայիլյանի համոզմամբ՝ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել ու չհեշտացնել նրա՝ դեպի ռազմավարական նպատակ տանող ճանապարհը: