«Ազատ հայրենիք» կուսակցությունը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո մարտի 29-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած առաջին պաշտոնական հանդիպումը:
Բարձր ենք գնահատում հրադադարի ռեժիմի պահպանման վերահաստատումը. «Ազատ հայրենիք»-ը ողջունում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:
«Համոզված ենք՝ քաղաքական երկխոսությունը կարևոր նախապայման է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծմանն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար: Այս առումով մենք բարձր ենք գնահատում հանդիպման ընթացքում հրադադարի ռեժիմի պահպանման վերահաստատումը և հումանիտար ոլորտում համագործակցության զարգացման պայմանավորվածության ձեռքբերումը, որը հստակ արձանագրվել է այդ առթիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ տարածած հայտարարության մեջ:
Կարծում ենք, որ հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ապահովելու համար ևս մեկ քայլ պետք է դառնա բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Արցախի Հանրապետության անմիջական մասնակցությամբ»,- նշված է հայտարարության մեջ: