Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի Դաշնային ՍԴ նախագահին
Ապրիլի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային Սահմանադրական դատարանի և երկրորդ Սենատի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի:
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի Դաշնային ՍԴ նախագահին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկանում ենք Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը Նորին Սրբությանը ներկայացրեց Գերմանիայի և Հայաստանի Սահմանադրական դատարանների փոխգործակցությունը` բարձր գնահատելով նաև այցի ընթացքում արձանագրված արդյունքները: Պարոն Հրայր Թովմասյանը նաև ընդգծեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր դերակատարությունն ինչպես ազգի ինքնության պահպանման, այնպես և հայ իրավագիտության զարգացման գործում:
Այնուհետև հյուրերին ողջունեց Ամենայն Հայոց կաթողիկոսը` գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև զարգացող հարաբերությունների կապակցությամբ, որոնք նպաստում են հայ և գերմանացի ժողովուրդների բարեկամական կապերի խորացմանը: Այդ առումով Վեհափառ հայրապետը գնահատանքով արձանագրեց Սահմանադրական դատարանների միջև սերտ գործակցությունն իրավական ոլորտում:
Գարեգին Բ հայրապետը մասնավորապես անդրադարձ կատարեց Եվրոպայում արդի իրավունքին և ՀՀ Սահմանդրությանը, որոնց ակունքներում քրիստոնեական արժեհամակարգն է` խոսելով նաև ընդհանուր առնչակցությունների մասին:
Իր հերթին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային Սահմանադրական դատարանի և երկրորդ Սենատի նախագահը փաստեց, որ երկու երկրների գործակցությունը իրավական դաշտում լավագույն վկայությունն է Հայաստանի և Գերմանիայի բարեկամական և սերտ հարաբերությունների մասին:
Վերջում Ամենայն Հայոց կաթողիկոսն արդյունավոր առաքելություն մաղթեց պարոն Անդրեաս Ֆոսկուլեի գլխավորած պատվիրակությանը: