Հայ գիտնականի ղեկավարած գիտախումբը նշանակալի բացահայտում է կատարել օրգանների 3D տպագրության ոլորտում
ԱՄՆ Հյուսթոն քաղաքի Ռայսի համալսարանի գիտնականների խումբը պարզել է, որ հապալասից ստացվող սննդային գունանյութը կարող է նշանակալի դերակատարություն ունենալ կենսաբանական բարդ հյուսվածքների` արյունատար անոթների և թոքային ալվեոլների եռաչափ տպագրության գործում:
Հայ գիտնականի ղեկավարած գիտախումբը նշանակալի բացահայտում է կատարել օրգանների 3D տպագրության ոլորտում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Շրջանավարտ և գիտաշխատող Բագրատ Գրիգորյանի և նրա գործընկերների կատարած հետազոտությանն անդրադարձել է Science գիտական ամսագիրը:
«Գիտնականները վերլուծել են մի շարք միացությունների հատկություններ, որոնք օգտագործվում են սննդային գունանյութերի արդյունաբերության մեջ: Արդյունքում նրանք հայտնաբերել են, որ դրանցից երեքը լիովին համապատասխանում են դեղին սինթետիկ գունանյութին (E102), դեղին բնական գունանյութին (E100) և կարմրամանուշակագույն գունանյութին (E163), որոնք ստանում են հապալասից», -tert.am-ի փոխանցմամբ՝ ասվում է հոդվածում:
Նշվում է, որ գիտնականներն արհեստական արյունատար անոթ են տպել 1 մմ տրամագծով փականով և մի շարք փորձարկումներից հետո բացահայտել են, որ ներկանյութի երեք տեսակն էլ ապահովում են 3D տպագրության թույլատրելի որակը:
«Կենսաչափական տպագրության նպատակն առողջ, գործառական օրգաններ ստեղծելն է, որոնք պիտանի կլինեն փոխպատվաստումների համար: ԱՄՆ-ում ավելի քան 100 000 մարդ սպասում է փոխպատվաստման իր հերթին, իսկ նրանք, որոնց հաջողվում է դոնոր գտնել, ստիպված են ողջ կյանքում իմունային համակարգը պաշտպանող դեղամիջոցներ ընդունել` օրգանի անհամատեղելիությունը կանխելու համար», - ասվում է համալսարանի կայքում հրապարակված հոդվածում: